ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Մեքսիկայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ 25 փետրվար 2008թ.

25 փետրվարի, 2008

Ս.թ. փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (Alfredo Peres Bravo, նստավայրը` Մոսկվա):

Ողջունելով դեսպանին` ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում եւ հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-մեքսիկական հարաբերություններն ամենատարբեր բնագավառներում նոր լիցք եւ որակ կստանան:

Անդրադառնալով հայ-մեքսիկական հարաբերություների արդի վիճակին եւ դրանց զարգացման հեռանկարին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը` կողմերը կարեւորեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քաղաքական երկխոսության աշխուժացման անհրաժեշտությունը, իրավական դաշտի ընդլայնումը:

Տեցեկանք. Ալֆրեդո Պերես Բրավոն ծնվել է 1956թ. Մեխիկոյում: Ավարտել է Մեխիկոյի Ազգային ինքնավար համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1976թ. անցել է աշխատանքի Մեքսիկայի ԱԳՆ-ում: 1989-90թթ. եղել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարի տեղակալի խորհրդականների խմբի ղեկավար, 1990-94թթ.` Աֆրիկյան երկրներում Մեքսիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան, 1991-94թթ.` Ալժիրում Մեքսիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան: 1994-95թթ. Մեքսիկայի ԱԳ նախարարի խորհրդականն էր, 1995-97թթ.` ՅՈՒՆԵՍԿՈ - Մեքսիկա խորհրդի նախագահի տեղակալ: 1998-2001թթ. նշանակվել է Պանամայում Մեքսիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան, 2000թ.` Թմրանյութերի հարցերով միջամերիկյան համաժողովում Մեքսիկայի պատվիրակության ղեկավար, 2000-2001թթ.` Կարիբյան միությունում Մեքսիկայի ներկայացուցիչ: 2001թ. եղել է Մալազիայում Մեքսիկայի արտակարգ եւ լիազոր դեսպանը: Պարգեւատրվել է «Ֆրանսիսկո Նունյես դե Բալբոայի մեծ խաչի» շքանշանով, նաեւ շնորհվել է Պանամայի կառավարության եւ Առեւտրաարդյունաբերական պալատի Էռնեստո դե լա Գուարդիա պարգեւը: Տիրապետում է անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու որդի:
Տպել էջը