ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Յան Կուբիշի հանդիպման վերաբերյալ 25 փետրվար 2008թ. \
25 փետրվարի, 2008Ս.թ. փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Սլովակիայի ԱԳ նախարար, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշի (Jaոn Kubis) գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին: Սլովակիայի ԱԳ նախարարը հայտնեց, որ իր այցի ժամկետները պատահական չեն ընտրված, իր ցանկությունն է եղել այցելել ընտրություններից մի քանի օր անց տեղում իրավիճակը ուսումնասիրելու եւ պատկերացում կազմելու համար: Հյուրի խնդրանքով, նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանում հետընտրական զարգացումները, բողոքարկման եւ վերահաշվարկի գործընթացի արդյունքները:
Այնուհետեւ կողմերն անդրադարձան երկկողմ հարաբերություններին: Երկուստեք նշվեց տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժը, եւ կարեւորվեց իրավապայմանագրային դաշտի շուտափույթ ընդլայնումը: Յան Կուբիշը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում Հայաստան են ծրագրում այցելել Սլովակիայի կառավարության երեք անդամ, ինչը լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ բազմաբնույթ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Նախարարները քննարկեցին նաեւ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:
Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ մոտեցումները, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ընթացքն ու հեռանկարները: Անդրադարձ կատարվեց նաեւ Կոսովոյի շուրջ զարգացումներին: