ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հանդիպման վերաբերյալ 18 փետրվար 2008թ. \

18 փետրվարի, 2008

Ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:

Տեղեկացնելով, որ Հայաստանում է գտնվում Մոսկվա եւ Թբիլիսի այցելություններից հետո` պրն. Սեմնեբին ներկայացրեց ունեցած պաշտոնական հանդիպումների արդյունքներն ու գնահատականները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Կոսովոյի անկախության շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Պրն. Սեմնեբին տեղեկացրեց, որ այսօր Բրյուսելում կայանալու է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում` նվիրված Կոսովոյի հիմնահարցի շուրջ ստեղծված իրավիճակին:

Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի նախագահական ընտրություններին: Նշվեց, որ առաջիկա ընտրությունները աչքի են ընկնում մրցակցությամբ եւ այս առումով հատուկ կարեւորվեց ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Կողմերն ընդգծեցին նաեւ, որ ժողովրդավարական գործընթացների խորացումը Հայաստանում միանշանակորեն կնպաստի ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանը:
Տպել էջը