ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանին Օմանի Սուլթանության նորանշանակ դեսպանի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ 12 փետրվար 2008թ.

12 փետրվարի, 2008

Ս.թ. փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Օմանի նորանշանակ դեսպան Ալ Շեյխ Աբդուլլա Բեն Զահիր Բեն Սաիֆ ալ Հուսնին (Abdullah Zaher Al-Hussni, նստավայրը` Մոսկվա):

Ողջունելով դեսպանին` ԱԳ փոխնախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում եւ հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-օմանյան հարաբերություններն ամենատարբեր բնագավառներում նոր լիցք եւ որակ կստանան:

Անդրադառնալով հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր բարեկամությանը` կողմերն ընդգծեցին, որ այդ հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները: ՀՀ ԱԳ փոխնախարարը նշեց, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

Համոզմունք հայտնելով հայ-օմանյան փոխշահավետ համագործակցության համար անհրաժեշտ ներուժի առկայության վերաբերյալ, դեսպանը նշեց օմանյան կողմի դրական վերաբերմունքը երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, մասնավորապես, ներդրումային ծրագրերի իրականացման կապակցությամբ:

Տեղեկանք. Աբդուլլա Բեն Զահիր Բեն Սաիֆ ալ Հուսնին ծնվել է 1958թ.: 1984թ. ավարտել է Միացյալ Նահանգների Օհայոյի համալսարանը, ստացել բակալավրի աստիճան լրագրող-քաղաքագետ մասնագիտությամբ: 1987թ. ավարտել է Քուվեյթի իրավաբանական քոլեջը: 1984թ. անցել է աշխատանքի Օմանի ԱԳՆ-ում: 1986թ. նշանակվել է Քուվեյթում Օմանի գործերի ժամանակավոր հավատարմատար, 1991թ. աշխատել է ՄԱԿ-ում Օմանի մշտական ներկայացուցչությունում: 2000թ. նշանակվել է Չինաստանում եւ Կորեայում Օմանի դեսպան, 2006թ-ից` ՌԴ-ում Օմանի դեսպան: Տիրապետում է արաբերեն, անգլերեն լեզուների: Ամուսնացած է, ունի յոթ երեխա:
Տպել էջը