Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի ու «Պլանավորման եւ վերանայման գործընթացի» գործընկերության նպատակների իրականացման ամենամյա գնահատման այցի վերաբերյալ 8 փետրվար 2008թ.
08 փետրվարի, 2008Ս.թ. փետրվարի 8-ին ՆԱՏՕ-ի պատվիրակության եւ ՀՀ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման հանձնաժողովի համատեղ նիստով եզրափակվեց Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի եւ «Պլանավորման եւ վերանայման գործընթացի» գործընկերության նպատակների իրականացման ամենամյա գնահատման գործընթացը:
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը գլխավորում էին ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան ինտեգրացիայի եւ գործընկերության դեպարտամենտի պետ Յարոսլավ Սկոնիեչկան եւ Պաշտպանության քաղաքականության եւ ծրագրավորման դեպարտամենտի պետ Ֆրանկ Բոլանդը:
Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ում ներգրավված պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվեց քաղաքական, օրենսդրական, դատաիրավական եւ ռազմական բարեփոխումների ընթացքը: Գոհունակությամբ նշվեց, որ Ազգային անվտանգության հայեցակարգի ընդունումից հետո մշակվել եւ հաստատվել է Հայաստանի ռազմական դոկտրինը:
Հավանության արժանացնելով կատարված աշխատանքները` ՆԱՏՕ-ի պատվիրակությունը որպես առաջնահերթություն կարեւորեց ազատ եւ արդար նախագահական ընտրությունների անցկացումը, մամուլի ազատության ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը եւ բարեփոխված օրենքների կիրարկումը: Նշվեց, որ այդ ոլորտներում ԱԳԳԾ-ով սահմանված բարեփոխումների իրականացումը գնահատելիս ՆԱՏՕ-ն հիմնվելու է տվյալ հարցերում մասնագիտացած կառույցների՝ ԵԱՀԿ, ԵՄ եւ Եվրոպայի Խորհրդի փորձագետների գնահատականի վրա:
Գնահատման թիմը այցի արդյունքները կներկայացնի ՆԱՏՕ-ի համապատասխան կոմիտեների քննարկմանը, որից հետո տեղի կունենա Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումը Հայաստանի մասնակցությամբ: Հիմնվելով գնահատման այցի արդյունքների վրա` նախատեսվում է նաեւ վերամշակել ՀՀ ԱԳԳԾ-ն, քանի որ ծրագրի բազմաթիվ նպատակներ արդեն իրականացվել են: