Մինսկում բացված գրքի միջազգային ցուցահանդեսի վերաբերյալ 08 փետրվար 2008թ. Ս.թ. փետրվարի 6-ին

08 փետրվարի, 2008

Ս.թ. փետրվարի 6-ին Մինսկում բացվեց գրքի 15-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին իր մասնակցությունը բերեց Հայաստանը, հանձինս ՀՀ մշակույթի նախարարության Գրահրատարակչական գործի գործակալության։ Որպես ցուցահանդեսի պատվավոր հյուր հանդես է գալիս Իսրաելի պետությունը։ Մասնակից 20 երկրների թվում ԱՊՀ անդամ պետություններից մասնակցում են նաեւ Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Տաջիկստանը եւ Ղազախստանը:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էին Բելառուսի կառավարության անդամներ, այստեղ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։ ԲՀ ինֆորմացիայի նախարար Վ. Ռուսակեւիչը գրողների միության նախագահ՝ Հանրապետության Խորհրդի մշտական հանձնաժողովի նախագահ Ն. Չերգինեցի ուղեկցությամբ այցելեցին հայկական տաղավար եւ իրենց գոհունակությունն արտահայտեցին ՀՀ դեսպան Օ. Եսայանին ու մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության ղեկավար Է. Միլիտոնյանին՝ ցուցահանդեսին երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի պատշած մասնակցությունը ապահովելու առիթով։

Ցուցահանդեսին ներկայացված է հայաստանյան տարբեր հրատարակչությունների շուրջ 150 անուն գրականություն։ Այն Մինսկ է տեղափոխվել ՀՀ ԱԳՆ կապուղիներով եւ միջոցառման ավարտին տրամադրվելու է ՀՀ դեսպանությանը։ Մանկական գրականությունը հետագայում փոխանցվելու է բելառուսահայ համայնքում գործող կիրակնօրյա դպրոցին։
Տպել էջը