ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵՄ Եռյակի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ 6 փետրվար 2008թ.
06 փետրվարի, 2008Ս.թ. փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանը ընդունեց ԵՄ Եռյակին, որի կազմում են ԵՄ-ում նախագահող երկրի` Սոլվենիայի ԱԳ նախարար Դմիտրի Ռուպելը, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ Եվրոպական խորհրդից` Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Պատվիրակության կազմում է նաեւ Ֆրանսիայի (2008թ. հուլիսից` ԵՄ նախագահող երկիր) ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Ժակ Ֆորը:
Պատվիրակության ղեկավար նախարար Ռուպելը փոխանցեց ԵՄ-ի բարձր գնահատականը Հայաստանի կողմից ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացման առնչությամբ: Առանձնահատուկ նշվեցին ծրագրի իրականացման անդրանիկ տարում արձանագրված հաջողությունները արդար կառավարման, մարդու իրավունքների, արդարադատության ոլորտներում, հիշատակվեց ոստիկանության եւ քաղաքացիական ծառայության բարեփոխումների հաջող ընթացքը: Նախարարի կարծիքով, Հայաստանում գրանցված տնտեսական աճը կարող է նպաստել նշված ոլորտներում իրագործվող բարեփոխումների տեմպի աճին: Հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները խոսեց նաեւ ժողովրդավարական բարեփոխումների մասին` նշելով որ Հայաստանը վստահորեն է ընթանում եվրոպական ինտեգրման խորացման ճանապարհով:
Նախարար Օսկանյանը դրվատանքով խոսեց Հայաստանում լիարժեք առաքելությամբ ներկայացված լինելու վերաբերյալ ԵՄ որոշման մասին` ընդգծելով մեր պատրաստակամությունն իրագործել Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրն ամբողջությամբ: Նա նշեց մի քանի նոր նախաձեռնություններ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար: Նախարարի խոսքերով, Հայաստանը ողջունում է ԵՄ երկրների հետ առկա սերտ հարաբերությունները եւ վստահ է, որ նախկին տարիների ընթացքում ԵՄ կառույցների հետ համագործակցության դրական փորձառությունը ստեղծել է ձեւաչափեր Միության հետ հետագա մերձեցման համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց լիսաբոնյան (2007թ.) պայմանագրով նախատեսված ԵՄ արտաքին քաղաքականության վերակազմակերպմանը եւ ապագայում ԵՄ-ի` միջազգային հարաբերություններում մեկ ձայնով ներկայանալու հարցերին:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ ներքաղաքական զարգացումներին, հատկապես փետրվարի 19-ին ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր: Հյուրերը հատուկ կարեւորեցին ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը` ընդգծելով նախագահական ընտրությունների անցկացման հարցում առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը:
Կողմերն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին: