Հայաստանի` Ֆրանսիական «Դիվանագիտական Բանբեր» հանդեսում ընդգրկվելու վերաբերյալ 24 հունվար 2008թ.
24 հունվարի, 2008Ֆրանսիական «Դիվանագիտական Բանբեր» հանդեսը (La Lettre Diplomatique) իր անցյալ տարվա վեջին համարում 40 էջանոց բաժին է հատկացրել Հայաստանին: Հայ-ֆրանսիական հարաբերությունների, Ֆրանսիայում Հայաստանի տարվա, Հայաստանի ներքին քաղաքական եւ տնտեսական զարգացումների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային այլ հարցերի, եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների հետ Հայաստանի սերտ համագործակցության վերաբերյալ ընդարձակ հարցազրույցով հանդես է եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը:
Համարում վերլուծական հոդվածներ են տպագրված Հայաստանի ներքին դրության, աշխարհաքաղաքական միջավայրի, տարածաշրջանային համատեքստում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական հեռանկարների, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական հարաճուն զարգացող քաղաքական երկխոսության եւ տնտեսական կապերի մասին` ուղեկցված համապատասխան տվյալներով եւ գծապատկերներով:
Հայաստանի մշակութային առաքելության մասին իր խոսքն է ասել ՅՈՒՆԷՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը: Եվրոպական միության հետ գործընկերության եւ Հայաստանի եվրոպական ինտեգրման ընթացքն են ներկայացրել Բելգիայում ՀՀ դեսպան Վ. Չիթեչյանը եւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ք. Տեր-Ստեփանյանը:
Միջխորհրդարանական ընդարձակ կապերի եւ ապակենտրոնացված մակարդակով բազմաճյուղ համագործակցության մասին վկայություններով հանդես են եկել Ֆրանսիայի պետական ծառայության հարցով պետքարտուղար Անդրե Սանտինին (Andrռ Santini), Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը (Jean-Claude Gaudin), Սենատի եւ Ազգային ժողովի ֆրանս-հայկական բարեկամական խմբերի նախագահներ Բեռնար Պիրասը (Bernard Piras) եւ Ֆրանսուա Ռոշբլուանը (Franջois Rochebloine), ԱԺ պատգամավոր, Ալֆորվիլի քաղաքապետ Ռենե Ռուքեն (Renռ Rouquet):
Համարում զետեղված են հայ-ֆրանսիական սերտ փոխշփումները բնութագրող բազմաթիվ լուսանկարներ: