ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին 24 հունվար 2008թ.
24 հունվարի, 2008Հարց. - Պրն. Կարապետյան, գերմանական DPA գործակալությունը տեղեկատվություն է տարածել, համաձայն որի Բուենոս Այրեսում Հայաստանը ներկայացնող դիվանագետները հայտնվել են ավելի քան 30 երկրների դիվանագետների ցուցակում, որոնց նկատմամբ Արգենտինայի արտգործնախարարությունը քննություն է սկսել ապօրինաբար ավտոմեքենաներ ներկրելու կասկածով: Խնդրում ենք հերքել կամ հաստատել վերոհիշյալ տեղեկատվությունը:
Պատասխան. - Ս.թ. հունվարի 23-ին արգենտինյան «Clarin» թերթում տպագրված եւ այնուհետեւ գերմանական DPA գործակալության տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանն այն մասով, որն առնչվում է Արգենտինայում Հայաստանի դեսպանությանն ու դիվանագիտական կազմին:
Արգենտինայում Հայաստանի որեւէ դիվանագետ անձնական օգտագործման համար երբեւիցե մեքենա ձեռք չի բերել եւ շահույթ հետապնդող որեւէ գործարքի չի մասնակցել:
Արգենտինայում ՀՀ դեսպանության հաշվեկշռի վրա կա մեկ Honda Accord մակնիշի ավտոմեքենա, որը 2006թ. դեսպանությանն է նվիրաբերել ազգային բարերար Էդուարդո Սեֆերյանը եւ մեկ Ford Focus մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2007թ.: Որեւէ այլ տրանսպորտային միջոց ՀՀ դեսպանության հաշվեկշռին չկա:
Հատկանշական է, որ արգենտինյան հեղինակավոր »La Nacion» թերթը նույն առիթով տպագրած հոդվածում ՀՀ դեսպանության անունը չի նշում:
ԱՀ ԱԳ նախարար Խորխե Տայանայի նախաձեռնությամբ ավտոմեքենաների անօրինական ներկրման կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Ազատվել են աշխատանքից ԱՀ արտգործնախարարության, մաքսատան մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: