ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Իրանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ 23 հունվար 2008թ.

23 հունվարի, 2008

Ս.թ. հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Իրանի նորանշանակ դեսպան
Սեյեդ Ալի Սաղայիանը:



Ողջունելով դեսպանին` ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում եւ նշեց, որ Հայաստանը կարեւորում է երկու երկրների սերտ գործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին` նախարար Օսկանյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործընթացը եւ նպատակադրված է Իրանի հետ առավել ամրապնդել եւ խորացնել երկկողմ հարաբերությունները: Կողմերը երկուստեք նշեցին, որ այս առումով մեծ նշանակություն ունեցավ 2007թ. հոկտեմբերին կայացած Իրանի նախագահի այցը Հայաստան, որը նոր խթան հանդիսացավ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար:

Զրույցի ընթացքում Իրանի նորանշանակ դեսպանը նույնպես գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Իրանի ակտիվ գործակցության կապակցությամբ եւ վստահեցրեց, որ ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ դրանք առավել բովանդակային դարձնելու համար:

Տեղեկանք. Սեյեդ Ալի Սաղայիանը ծնվել է 1957թ. Թեհրանում, ստացել է մանկավարժի կրթություն: 1985թ. աշխատել է որպես ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության փորձագետ, 1986թ. եղել է ԻԻՀ ԱԳՆ անձնագրերի ու վիզաների բաժնի պետի տեղակալ: 1987-1989թթ. աշխատել է ԻԻՀ ԱԳՆ անձնագրերի ու վիզաների բաժնի պետի պաշտոնում, 1989-1993թթ. եղել է Կարաչիում ԻԻՀ գլխավոր հյուպատոս: 1993թ. եղել է ԻԻՀ ԱԳՆ հանրային կապի ու քարոզչության բաժնի պետը, 1993-1998թթ.` ԻԻՀ ԱԳՆ արարողակարգի գլխավոր վարչության պետի տեղակալը: 1996-1997թթ. ստանձնել է Արգենտինայում ԻԻՀ դեսպանատան ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները:

1998-2002թթ. եղել է Տանզանիայում ԻԻՀ դեսպան, համատեղությամբ` Մալավիայում: 2002-2005թթ. աշխատել է որպես ԻԻՀ ԱԳՆ օտարերկրյա ներկայացուցչությունների բաժնի պետ: 2005-2007թթ. ստանձնել է ԻԻՀ ԱԳՆ արարողակարգի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը: Տիրապետում է ?? անգլերեն եւ արաբերեն լեզուներին:
Տպել էջը