Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի վերաբերյալ 18 հունվար 2008թ. Այսօր Եվրոպական խորհրդարանը
21 հունվարի, 2008Այսօր Եվրոպական խորհրդարանը ընդունել է «Հարավային Կովկասի նկատմամբ ավելի արդյունավետ ԵՄ քաղականություն. խոստումներից դեպի գործողություններ» բանաձեւ-զեկույցը, որում ներառված մի շարք դրույթները վերաբերում են Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Բանաձեւը ողջունում է Հայաստնում ժողովրդավարական բարեփոխումների բարեհաջող ընթացքը եւ Եվրոպական Հարեւանության Քաղաքականության ԵՄ-ՀՀ Գործողություների ծրագրի արդյունավետ իրականացումը: Նշվում է, որ 2007թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին միջազգային չափանիշներին եւ կոչ անում ապահովել նույն մակարդակը նաեւ նախագահական ընտրություններին:
Բանաձեւը ընդարձակ կերպով անդրադառնում է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ տնտեսական համագործակցությանը, տրանսպորտային եւ էներգետիկ հարցերին:
Բանաձեւը մասնավորապես հաստատում է, որ Լեռնային Ղարավաղի հակամարտության խաղաղ կարգավորումը անհրաժեշտ է ԵՄ հարեւանության կայունության, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Եվրոպական խորհրդարանը նշում է, որ ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հակասությունը նպաստում է Հարավային Կովկասում չկարգավորված հակամարտությունների երկարաձգմանը եւ գտնում է, որ այդ հիմնահարցերը պետք է կարգավորվեն միայն խաղաղ բանակցությունների միջոցով:
Անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, բանաձեւը ընդգծում է, որ նախագիծը շրջանցում է գոյություն ունեցող եւ օգտագործման պատրաստ Հայաստան-Թուրքիա երկաթգիծը եւ նպաստում Հայաստանի մեկուսացմանը: Այն նաեւ կոչ է անում Հարավային Կովկասի երկրներին եւ Թուրքիային վարել տարածաշրջանային տնտեսական ինտեգրման քաղաքականություն եւ ձեռնպահ մնալ անպիսի անհեռատես եւ քաղաքականապես հիմնավորված էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերից, որոնք խախտում են Եվրոպական Նոր Հարեւոնություն քաղաքականության սկզբունքները:
Բանաձեւը կոչ է անում Թուրքիային գործադրել լրջագույն եւ ինտենսիվ ջանքեր` կարգավորելու խնդրահարույց վերճերը իր բոլոր հարեւանների հետ` միջազգային նորմերի համաձայն, հորդորելով Եվրոպական խորհրդին եւ Հանձնաժողովին` Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների հետ ներգրավվել հայ-թուրքական սահմանի բացման խնդրին: