JICA գործակալության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ստորագրման վերաբերյալ 18 հունվար 2008թ.

18 հունվարի, 2008

Ս.թ. հունվարի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ճապոնիայի կառավարության JICA գործակալության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ստորագրման արարողություն:

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության (նստավայրը` Մոսկվա) եւ «Երիտասարդ մարդկանց քրիստոնյա միություն/ օթեւան» հասարակական կազմակերպության (ՀԿ) միջոցով: Ծրագրի շրջանակում շուրջ 85.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ կտրամադրվի Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում նոր դպրոց կառուցելու համար: Այս ծրագիրը համատեղ կֆինանսավորվի Ճապոնիայի կառավարության եւ ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության կողմից:

Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանության խորհրդական Հիրոկի Հազումին , 2-րդ քարտուղար Յու. Միզունոն, «Երիտասարդ մարդկանց քրիստոնյա միություն/ օթեւան» ՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Մուրադյանը, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոդան եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:

Տպել էջը