ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանի պատասխանները «Արմինֆո» ործակալության հարցերին 18 հունվար 2008թ. \
18 հունվարի, 2008ՀԱՐՑ. - Ինչպե՞ս կմեկնաբանեք Արդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այսօր արած հայտարարությունը, թե չի կարելի համեմատել Ադրբեջանին եւ Հայաստանին թե' տնտեսական զարգացման եւ թե' միջազգային ասպարեզում զբաղեցրած դիրքերի առումով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դատելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունների ոճից, Ադրբեջանում նշմարվում են հուսալքության նշաններ: Գրեթե բոլոր բնագավառներում Ադրբեջանը հետ է մնում միջազգային չափանիշներից կամ էլ ընթանում է միջազգային գերիշխող միտումներին հակառակ:
Առաջինը` ակնհայտ է խուճապը ազգերի ինքնորոշման հարցերի նկատմամբ միջազգային հանրության հարաճյուն ընկալման կապակցությամբ:
Երկրորդ` տնտեսական եւ սոցիալական ոլորտներում Ադրբեջանի ցուցանիշները նույնպես խոցելի են: Տնտեսական զարգացման եւ պետականության կառուցման նվաճումների մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները զավեշտալի զուգադիպությամբ համընկան օրերս միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցների հրապարակման հետ, որոնք ապացուցում են, որ Ալիեւը հայտարարություները պարզապես ապակողմնորոշում է Ադրբեջանի ժողովրդին:
Այսպես, Heritage հիմնադրամի եւ Wall Street Journal օրաթերթի տնտեսական ազատությունների սանդղակով Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը` զբաղեցնելով 28-րդ տեղը, մինչդեռ Ադրբեջանը 162 երկրների շարքում 107-րդն է:
Freedom House կազմակերպության ժողովրդավարական զարգացման ցուցանիշի համաձայն Ադրբեջանը անցյալ տարիների նման դասվել է քաղաքականապես ոչ ազատ երկրների շարքին:
Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy ամսագրի «Չկայացած պետությունների» հրապարակած վերջին ցանկում 177 երկրներից Հայաստանը 50 կարգով գերազանցում է Ադրբեջանին:
Գրեթե բոլոր միջազգային չափանիշներով, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը ներառյալ, Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին:
Շարունակեմ. Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, չնայած Ադրբեջանի նշանակալից պաշարներին, այն միայն վերջերս է հասել մեկ շնչին ընկնող համախառն ներքին արտադրանքի ցուցանիշով Հայաստանի մակարդակին:
Եվ վերջապես, ի հեճուկս Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների, նշեմ, որ փորձագետների կարծիքով, նույնիսկ պահպանելով տնտեսական աճի եւ ռազմական ներուժի ընդլայման այս տեմպերը, Ադրբեջանից դեռ 10-15 տարի կպահանջվի Հայաստանի զինված ուժերի հետ ոտք գցելու համար:
Ամփոփելով կցանկանայի ընգծել, որ ադրբեջանական այս հիմնազուրկ հայտարարություններրը նպատակ են հետապնդում կեղծ տեղեկատվությամբ ապակողմնորոշել սեփական բնակչությանը` շեղելու նրանց այն իրական խնդիրներից, որոնց ամեն օր բախվում է Ադրբեջանի ժողովուրդը: