ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի հանդիպման վերաբերյալ 21 հունվար 2008թ. \
17 հունվարի, 2008Ս.թ. հունվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր` գոհունակություն հայտնելով Հայաստան-ԱՄՆ երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ: Մասնավորապես ընդգծվեց Հայաստանի արժեքավոր ներդրումը միջազգային խաղաղապահ գործողություններում` Իրաքում եւ Կոսովոյում, ինչպես նաեւ Աֆղանստանում ՀՀ ներգրավման հնարավորությունը:
Այնուհետեւ Մ. Բրայզան ընդհանուր գծերով խոսեց Թուրքիայի նախագահի օրերս ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին` ներկայացնելով այցի ընթացքում կողմերի արտահայտած մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման ուղղությամբ: Նա վերահաստատեց, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է շարունակել իր ջանքերը դրանց շուտափույթ կարգավորումն ապահովելու ուղղությամբ:
Կողմերը խոսեցին նաեւ ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների մասին` կարեւորելով ընտրությունների ազատ ու արդար անցկացումը Հայաստանի համար:
Զրույցին հաջորդել է Նախարար Օսկանյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: