ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հանդիպման վերաբերյալ 14 հունվար 2008թ. \

14 հունվարի, 2008

Ս.թ. հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:

Հանդիպման սկզբին պրն. Սեմնեբին ներկայացրեց իր գնահատականները Վրաստանում հետընտրական իրադարձությունների վերաբերյալ` նշելով, որ Եվրոպական Միությունը հայտարարությամբ արտահայտեց իր դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ եւ շարունակում է հետեւել ընթացող զարգացումներին: Զրուցակիցները կարեւորեցին Վրաստանում կայունության պահպանումը` որպես երաշխիք երկրի զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային ծրագրերի շարունակականության համար:

Կողմերն անդրադարձան նաեւ Հայաստանի նախագահական ընտրություններին: Ընդգծվեց, որ ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը միանշանակորեն կնպաստի ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանը:

Զրույցի ընթացքում տեղի ունեցավ նաեւ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների շուրջ, քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ԵՄ ներգրավման եղանակները, տարածաշրջանային այլ խնդիրներ:

Տպել էջը