ՀՀ ԱԺ փոխնախագահ Ա.Պետրոսյանի գլխավորած պատվիրակության Արգենտինա կատարած այցի վերաբերյալ 17 դեկտեմբերի 2007թ.
17 դեկտեմբերի, 2007Ս.թ. դեկտեմբերի 9-13-ը տեղի ունեցավ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Բուենոս Այրես` Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների կողմից պարտականությունների ստանձման կապակցությամբ:
Այցի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ տկն. Արեւիկ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունն ունեցավ մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Դեկտեմբերի 11-ին ՀՀ պատվիրակությանն ընդունեց Արգենտինայի ԱԳՆ առաջին փոխնախարար Ռոբերտո Գարսիա Մորիտանը: Զրույցի ընթացքում տկն. Ա.Պետրոսյանը փոխանցեց հայ ժողովրդի երախտագիտությունը` Արգենտինայի Կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Իր կողմից Արգենտինայի փոխարտգործնախարարը բարձր գնահատեց 15 տարիների ընթացքում հայ-արգենտինական հարաբերությունների դինամիկ զարգացումը, առանձնահատուկ նշվեց արգենտինահայության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ գալիք տարվա ընթացքում Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման հնարավորությունը:
Նույն օրը երեկոյան ՀՀ պատվիրակության պատվին կազմակերպվեց ընդունելություն Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սրբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարանում, որից հետո կայացավ հանդիպում արգենտինահայ համայնքի հետ:
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանին ընդունեց ԱՀ Ազգային Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առաջին փոխնախագահ տկն. Պատրիսիա Վակա Նավախան: Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Արգենտինայի խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, համաձայնություն ձեռք բերվեց երկու երկրների օրենսդիր մարմիններում բարեկամության պատգամավորական խմբերի ստեղծման մասին:
Այցի ընթացքում նաեւ հանդիպումներ տեղի ունեցան Հայ-արգենտինյան արդյունաբերական պալատի ղեկավարության, արգենտինահայ տիկնանց` ՀՕՄ (Հայ Օգնության Միության) անդամների, Արմենիա մշակութային ընկերակցության, ՀԸԲՄ եւ համայնքային այլ կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Բուենոս Այրես նահանգի խորհրդարանի պատգամավոր Սերխիո Նահապետյանի եւ «Հայաստան» Հիմնադրամի Բուենոս Այրեսի մասնաճյուղի գործադիր տնօրեն Խորխե Վարդպարոնյանի հետ: