Հայ սկաուտության 95 եւ Հունաստանի Հ.Մ.Ը.Մ. սկաուտության 85-ամյակի միջոցառումների վերաբերյալ 11 դեկտեմբերի 2007թ. Ս.

11 դեկտեմբերի, 2007

Ս.թ. դեկտեմբերի 9-ին Աթենք ռազմական թանգարանի դահլիճում մեծ շուքով նշվեց Հայ սկաուտության 95 եւ Հունաստանի Հ.Մ.Ը.Մ. սկաուտության 85-ամյակը: Միջոցառումը նախագահում էին Հունահայոց առաջնորդ եւ Ազգային Վարչության նախագահ Խորեն եպս. Տողրամաճյանը եւ Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը:

Ձեռնարկին մասնակցում էին Հունաստանի ներքին գործերի նախարար Պրոկոպիս Պավլոպուլոսը, պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսը, խորհրդարանի փոխնախագահներ Անասթասիոս Ներանծիսը եւ Վերա Նիկոլայիդուն ու նախկին նախագահ Ապոստոլոս Կակլամանիսը, հունական իշխանությունների, հոգեւոր դասի եւ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում դեսպան Կաժոյանը, բարձր գնահատելով հայ սկաուտական շարժման շուրջ մեկդարյա գոյությունը, առանձնակի կարեւորեց հայապահպանության ու հայեցի դաստիարակության բնագավառում նրա ունեցած դերը, Սփյուռքի հայկական գաղթօջախներում հայ երիտասարդի ազգային նկարագրի ձեւավորմանն ու պահպանմանն ունեցած նպաստը:

Միջոցառումն ավարտվեց պարգեւների հանձնումով: Հ.Մ.Ը.Մ. ոսկե շքանշաններով պարգեւատրվեցին Հունաստանի ներքին գործերի նախարար Պրոկոպիս Պավլոպուլոսը, պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսը, Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը: Շքանշաններ ու հուշանվերներ տրվեցին սկաուտության զարգացման գործում ավանդ ունեցած մի շարք անձանց:
Տպել էջը