Աշխաբադում ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնի բացմանը Հայաստանի պատվիրակության մասնակցության վերաբերյալ 11 դեկտեմբերի 2007թ.
11 դեկտեմբերի, 2007Ս.թ. դեկտեմբերի 10-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Լին Պասկոն, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանի եւ այլ երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակություններ, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորությամբ։
ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնի բացման շրջանակներում Աշխաբադում կայացել է նաեւ «Կանխարգելիչ դիվանագիտությունը եւ միջազգային համագործակցությունը» միջազգային համաժողովը, որի մասնակիցները քննարկել են Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային համագործակցության, ազգամիջյան հիմնահարցերի լուծման եւ կանխարգելման տեսությանն ու գործնական քայլերին, տարածաշրջանային կազմակերպությունների դերակատարությանը վերաբերող խնդիրներ։
Համաժողովի ընթացքում Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով` նվիրված կանխարգելիչ դիվանագիտության կարեւորությանն ու նշանակությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, խաղաղության ապահովման հարցում առանձին պետությունների, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների դրական ու կառուցողական գործունեությանը։ Փոխնախարարը որպես ոչ կառուցողական է գնահատել Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը, որը չէր համապատասխանում համաժողովի ոգուն եւ խնդիրներին, կասկածի տակ էր առնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Արման Կիրակոսյանը ելույթում նշել է, որ Հայաստանն ի սկզբանե նպատակադրվել է հիմնախնդիրը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման հիման վրա։