ԲԹբիլիսիի Կովկասյան տանը տեղի ունեցած Եղիշե Չարենցին նվիրված երեկոյի վերաբերյալ 7 դեկտեմբերի 2007թ. Տեղեկացնում ենք, որ

06 դեկտեմբերի, 2007

Տեղեկացնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 4-ին Թբիլիսիի Կովկասյան տան դահլիճում տեղի ունեցավ մեծանուն հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 110 եւ մահվան 70 ամյակներին նվիրված երեկո: Միջոցառումը ամփոփում էր ամիսներ առաջ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից հայտարարված Չարենցի վերոնշյալ տարեթվերին նվիրված ստեղծագործական մրցույթը, որին մասնակցելու ցանկություն էին հայտնել Վրաստանի տաբեր ազգությունների 30 մտավորականներ, չարենցագետներ եւ բանաստեղծի արվեստի երկրպագուներ:

Երեկոն բացվեց Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության բառերով կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գրված քայլերգով: Ողջույնի խոսքով հանդես եկան Կովկասյան տան փոխտնօրեն Միխայել Բերոշվիլին, Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից երեկոյին մասնակցելու նպատակով գործուղված Եղիշե Չարենցի տուն թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը եւ ՀՀ վաստակավոր դերասան Ազատ Գասպարյանը:

Դեսպան Սիլվանյանը իր ելույթում նշելով այս տարի ինչպես Հայաստանում, այպես էլ աշխարհասփյուռ հայկական համայնքներում Եղիշե Չարենցի ծննդյան 110 եւ մահվան 70 ամյակների հետ կապված միջոցառումների անցկացումը, կարեւորեց Վրաստանում նման միջոցառման անցկացման փաստը, հաշվի առնելով մեծ բանաստեղծի ստեղծագործական եւ հոգեւոր կապերը Վրաստանի, վրաց արվեստագետների եւ մտավորականների հետ:

Անդրադառնալով այն փաստին, որ Չարենցը ոչ միայն շարունակել է հին եւ միջնադարյան հայկական գրականության լավագույն ավանդույթները, այլեւ հարստացրել է դրանք իրեն ժամանակակից արեւմտյան եւ արեւելյան գրական նվաճումներով, ՀՀ դեսպանը ընդգծեց, որ այս լույսի ներքո հատկապես ակնհայտ է դառնում, թե ինչու նրա պոեզիան ազգային ինքնության եւ համաշխարհային պատկանելիության եզակի օրինակ է: Ամփոփելով իր խոսքը նա ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց մրցույթի բոլոր մասնակիցներին եւ ժյուրիի հեղինակավոր անդամներին կատարված աշխատանքի համար, որը ուղղված է Հայ-Վրացական մշակութային կապերի զարգացմանն ու խորացմանը:

Այնուհետեւ Հրաչ Սիլվանյանը դեսպանության եւ առաջնորդարանի կողմից մրցույթի հաղթողներ Արտյուշ Գեւորգյանին (առաջին մրցանակ), Մուրադ Մթվարելիձեին (երկրորդ մրցանակ) եւ Լյուդմիլա Օրագվելիձեին (երրորդ մրցանակ) հանձնեց դիպլոմներ եւ հուշանվերներ: Եղիշե Չարենցի տուն թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը մրցույթի մասնակիցներին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրեր եւ թանգարանի հուշանվերներ: Մասնակցության համար դեսպան Հրաչ Սիլվանյանի շնորհակալական նամականեր հանձնվեցին նաեւ մրցույթի մնացած մասնակիցներին:

ՀՀ վաստակավոր դերասան Ազատ Գասպարյանի կատարմամբ հնչեցին Չարենցի բանաստեղծությունները, որոնք մեծ ոգեւորությամբ եւ բուռն ծափահարություններով ընդունվեցին ներկաների կողմից, իսկ նորաստեղծ երիասարդական քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Ս. Ցինցաձեի եւ Վ. Ազարաշվիլու ստեղծագործություններ:

Ժյուրիի անդամներ ակադեմիկոս Մ. Կուրդիանին, Վրաստանի համալսարանի
պրոֆեսոր Մարիյա Ֆիլինան, բանաստեղծ Ա. Բոստանջյանը եւ գրականագետ Գ. Շահնազարին իրենց ելույթներում շնորհկալություն հայտնեցին դեսպանին եւ սրբազանին Վրաստանում նման աննախադեպ միջոցառում անցկացնելու մտահղացման եւ իրագործման համար:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի ԱԳՆ բարձրաստիճան պատոնյաներ, մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթը, վրաց եւ վիրահայ մտավորականների ներկայացուցիչներ:
Տպել էջը