ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման վերաբերյալ 5 դեկտեմբերի 2007թ. Աշխատանքային այ

05 դեկտեմբերի, 2007

Աշխատանքային այցով երեկ Մոսկվա ժամանած ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը դեկտեմբերի 5-ին հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Նախարարները հաստատեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, որի օրակարգը բավական ընդգրկուն է եւ այն խորացնելու լայն հնարավորություն կա: Երկուստեք նշվեց նաեւ, որ արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ դիրքորոշումները համընկնում են, ու բազմաթիվ կոնկրետ հարցեր կան, որոնք անհրաժեշտ են դարձնում երկխոսության ծավալումը: Գոհունակություն հայտնեցին նաեւ, որ բացի քաղաքական ու տնտեսական ոլորտներում գործակցությունից, ակտիվ շփում կա նաեւ մշակույթի, գիտության եւ տուրիզմի բնագավառներում:

Գործընկերները դրական գնահատեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը, մասնավորապես երկկողմ նախաձեռնությունները ՄԱԿ-ի շրջանակներում: Քննարկվեցին նաեւ միջազգային կամակերպություններում ընթացող գործընթացները, անդրադարձ կատարվեց Ռուսաստանի կողմից ԵՍԶՈՒ-ի պայմանագրին անդամակցությունը կասեցնելու հետեւանքներին, ԵԱՀԿ բարեփոխմանը ու Կոսովոյի հիմնախնդրի կարգավորմանը:

Նախարարներն ընդգծեցին ՀԱՊԿ-ի շրջանակում երկու երկրների հետագա գործակցության կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման առումով: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի ծրագրերին` որպես 2008թ. այդ կազմակերպության նախագահությունը ստանձնող երկրի:

Կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում` Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները ռուս-վրացական հարաբերությունների վերջին զարգացումների համատեքստում: Անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի խաղաղ կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ:

ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ: Բանակցություններից հետո նախարարները ստորագրեցին ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-երի միջեւ 2008թ. միջգերատեսչական խորհդակցությունների ծրագիրը:

Հանդիպումից հետո Վարդան Օսկանյանն այցելեց ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա, որտեղ ելույթ ունեցավ «Հայաստանի փոխլրացման արտաքին քաղաքականության ավանդական եւ նոր ուղղությունների իրատեսությունը» թեմայով:

Նախարար Օսկանյանը հանդիպեց նաեւ Հայաստանում հավատարմագրված` Մոսկվայում նստավայր ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններն ու ներքաղաքական զարգացումները:
Տպել էջը