ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանին Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջեֆրի Քիթինգի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ 3 դեկտեմբերի 2007թ.

03 դեկտեմբերի, 2007

Ս.թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջեֆրի Քիթինգը (նստավայրը` Սոֆիա):

Ողջունելով դեսպանին` ԱԳ փոխնախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում: Բարձր գնահատելով հայ-իռլանդական հարաբերությունների ներկա մակարդակը` փոխնախարար Բայբուրդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել եւ զարգացնել երկու երկրների քաղաքական եւ տնտեսական երկխոսությունը:

Զրույցի ընթացքում Իռլանդիայի նորանշանակ դեսպանը նույնպես գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Իռլանդիայի ակտիվ գործակցության կապակցությամբ եւ վստահեցրեց, որ ջանք չի խնայի առավել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում եւ երկկողմ մակարդակով hամագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի բարելավմանը, ինչպես նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժին եւ քննարկեցին համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Տեղեկանք. Ծնվել է 1957թ. Նյու Յորքում: Ավարտել է Թրինիթի քոլեջը (ք. Դուբլին, Իռլանդիա): 1981թ. աշխատանքի է անցել Իռլանդիայի ԱԳՆ համակարգում: 2000-2004թթ-ից եղել է Շանհայում (ՉԺՀ) որպես Իռլանդիայի գլխավոր հյուպատոս: 2005թ. նշանակվել է Բուլղարիայում Իռլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան:
Տպել էջը