Հայաստանի եւ Եգիպտոսի ԱԳ նախարարությունների միջեւ Կահիրեում անցկացված խորհրդատվությունների վերաբերյալ 4 դեկտեմբերի 2007թ.
03 դեկտեմբերի, 2007Ս.թ. դեկտեմբերի 1-3-ը Հայաստանի եւ Եգիպտոսի արտգործնախարարությունների միջեւ հերթական խորհրդատվություններն անցկացնելու նպատակով կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի գլխավորած պատվիրակության այցը Եգիպտոս:
Դեկտեմբերի 2-ին Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալ Ֆաթմա Զահրայի հետ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես այս տարվա ապրիլին ՀՀ նախագահի Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Կողմերը, բարձր գնահատելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակը եւ գոհունակություն հայտնելով վերջին տարիների ընթացքում մի շարք բնագավառներում երկկողմ գործակցության ակտիվացման կապակցությամբ` միաժամանակ կարեւորեցին առեւտրատնտեսական, ավիացիայի, զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության ուղղությամբ համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Դեկտեմբերի 3-ին ԱԳՆ պատվիրակությանն ընդունել է Եգիպտոսի ԱԳ նախարար Ահմադ Աբու ալ-Ղեյտը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային, մասնավորապես, հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող հարցեր: Եգիպտոսի ԱԳ նախարարի խնդրանքով Գեղամ Ղարիբջանյանը ներկայացրել է ղարաբաղյան խնդրի ներկա վիճակը, նաեւ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան հարաբերությունները: ԵԱՀ արտգործնախարարը վերահաստատել է Եգիպտոսի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի նկատմամբ, որը հանդես է գալիս խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: «Եգիպտոսը կողջունի խնդրի ցանկացած լուծում, որն ընդունելի կլինի կողմերի համար», - նշել է ԵԱՀ ԱԳ նախարարը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2008թ. ընթացքում ԵԱՀ ԱԳ նախարարի այցը Հայաստան իրականացնելու կապակցությամբ:
Նույն օրը կայացել է ՀՀ ԱԳՆ պատվիրակության հանդիպումը ԵԱՀ միջազգային համագործակցության նախարար, հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ֆայեզա Աբու ալ-Նագայի հետ: Հանդիպման ընթացքում եգիպտական կողմն առաջարկել է հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել Երեւանում 2008թ. ապրիլին: Այդ կապակցությամբ քննարկվել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող խնդիրներ: Տկն. Ֆայեզա Աբու ալ-Նագան նշել է, որ եգիպտական կողմը բացի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ առողջապահության ոլորտներից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ էներգետիկայի բնագավառում համագործակցություն սկսելու ուղղությամբ: ԵԱՀ միջազգային համագործակցության նախարարի հետ մասնավորապես քննարկվել է Կահիրեի եւ Երեւանի միջեւ օդային ուղիղ կապ հաստատելու անհրաժեշտությունը::