ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ 29 նոյեմբերի 2007թ. Մադրիդ
30 նոյեմբերի, 2007Մադրիդում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշել Քալմի Ռեյի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունները, անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, հարեւանների հետ Հայաստանի հարաբերություններին եւ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին: Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրել է նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
Վարդան Օսկանյանը հանդիպել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ գործակցությանը, քննարկել են Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր: Ռոբերտ Սիմոնսն ընդգծել է Հարավային Կովկասի երկրներում ՆԱՏՕ-ի կապի սպա Զբիգնեւ Ռիբացկու Հայաստան կատարած վերջին այցի, բոլոր գերատեսչություններում ունեցած հանդիպումների, նաեւ նոյեմբերի
20-22-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Հայաստանի պատվիրակության այցի արդյունավետությունը:
Նախարար Օսկանյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Քրիստիան Շտրոհալի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին եւ ԺՀՄԻԳ դիտորդական առաքլեւոյթամբ ընտրթյուններին մասնակցելու ձեւաչափին վերաբերող հարցեր:
Վարդան Օսկանյանի հաջորդ հանդիպումը Ռումինիայի ԱԳ նախարար Ադրիան Սիորիանուի հետ էր: Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, ընգծել հարաբերություններում առկա մեծ ներուժը: Ռումինիայի ԱԳ նախարարը ցանկություն է հայտնել այցելել Հայաստան: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ԼՂ բանակցային գործընթացի եւ Կոսովոյի հիմնահարցի վերաբերյալ:
Նախարար Օսկանյանը հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսին, որի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը, Հայաստան- Թուրքիա հարաբերությունները: Կողմերը ճշգրտել են ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդունվելիք փաստաթղթերի վերաբերյալ դիրքորոշումները:
ԵԱՀԿ գործող նախագահ Իսպանիայի արտգործնախարար Միգել Մորատինոսի նախաձեռնությամբ նախարար Օսկանյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ Մինսկի խմբի համանախագահների հետ: ԵԱՀԿ գործող նախագահը իր զորակցություն է հայտնել ՄԽ շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններին եւ հորդորել շարունակել ակտիվ բանակցությունները: