ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ 29 նոյեմբերի 2007թ. Մադրիդ

29 նոյեմբերի, 2007

Մադրիդում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. նոյեմբերի 28-ին եւ 29-ին ունեցավ մի շարք հանդիպումներ:
Նոյեմբերի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի ունեցավ ճաշ-հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի հետ: Քննարկվեցին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի աշխատանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ խորհրդի կողմից նոյեմբերի 30-ին ընդունվելիք հռչակագրում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող պարբերության տեքստը:

Կողմերը նաեւ բանակցեցին ԼՂ խաղաղ գործընթացի դեռեւս չհամաձայնեցված հարցերը:
Քննարկումները շարունակվեցին հաջորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ս. Լավրովի ու Բ. Կուշների, ԱՄՆ-ի` պետքարտուղարի տեղակալ Ն. Բըրնսի մասնակցությամբ: Վերջիններս, հակիրճ գնահատական տալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին շրջանի բանակցային գործընթացին, ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարներին փոխանցեցին հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների տեքտսը: Դրանում կողմերի չհամաձայնեցված հարցերի շուրջ ներկայացված են համանախագահների առաջարկությունները: Ակնկալվում է, որ համանախագահները կայցելեն տարածաշրջան` ծանոթանալու նախագահների մոտեցումներին ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարի հաջորդ զրուցակիցը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Բրիշամբոն էր: Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ բարեփոխումներին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Խոսվեց նաեւ Հայաստանում առաջիկա ընտրություններում դիտորդական առաքելությամբ ԵԱՀԿ մասնակցության ձեւաչափի մասին:
Իսլանդիայի ԱԳ նախարար Ինգիբյորգ Գիլսադոտիրի (Ingibjorg Solrum Gilsadottir) հետ հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների ակտիվացումը, հատկապես միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նախարար Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
ԵԱՀԿ նախագահ Իսպանիայի արտգործնախարար Մ. Մորատինոսի հետ հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ ԱԳ նախարարների ընթացող նիստին վերաբերող խնդիրներ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Օրվա վերջին նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Ղազախստանի ԱԳ նախարար Մ. Թաժինի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ն. Բըրնսի հետ:

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է նախարար Օսկանյանի ելույթը:

Ելույթի աուդիո տարբերակներ:

Տպել էջը