Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի Հալեպում ունեցած հանդիպումների վերաբերյալ 23 նոյեմբերի 2007թ. Ս.թ. նոյեմբերի 20-2
23 նոյեմբերի, 2007Ս.թ. նոյեմբերի 20-22-ը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Հալեպում հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգապետի, Հալեպի Առեւտրաարդյունաբերական պալատների նախագահների, ինչպես նաեւ Հալեպի Բերիո թեմի առաջնորդի, հայ կաթոլիկ, հայ բողոքական համայնքների եւ հալեպահայ միությունների ներկայացուցիչների հետ:
Հալեպի նահանգապետ Թամիր ալ-Հջիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք մտահոգություն հայտնվեց, որ երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները չեն համապատասխանում առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Դեսպանը տեղեկացրեց, որ Սիրիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղություններն ու հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով ս.թ. նոյեմբերի 23-ին Սիրիա է ժամանելու ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը:
Հալեպի առեւտրի պալատի նախագահ Սալեհ Մալլահը գոհունակություն հայտնեց Հալեպի առեւտրի պալատի եւ ՀՀ Գլխավոր հյուպատոսության միջեւ ջերմ բարեկամական կապերի եւ համագործակցության առնչությամբ: Զրոուցակիցները քննարկեցին երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման հարցեր:
Հալեպի արդյունաբերական պալատի նախագահ Մուհամմադ Քամիլ Շարբատիի հետ հանդիպման ընթացքում սիրիական կողմի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական, մասնավորապես արտադրական հնարավորութունները, այդ ոլորտում օրենսդրական դաշտն ու մաքսային քաղաքականությունը:
Հալեպի Բերիո թեմի առաջնորդի եւ հալեպահայ միություների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես երկկողմ, այնպես եւ Հայրենիք-Սփյուռք համագործակցության հետ կապված մի շարք խնդիրներ: Դեսպանը տեղեկացրեց Հայաստանի գյուղական համայնքերի զարգացման ծրագրի իրագործման ընթացքի մասին եւ ակնկալեց Սփյուռքի ակտիվ մասնակցությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ ծրագրին: