Գրող-հրապարակախոս Փիթեր Բալակյանին «Մովսես Խորենացի» մեդալի հանձնման հանդիսավոր արարողության վերաբերյալ 20 նոյեմբերի 2007թ. \
20 նոյեմբերի, 2007Ս.թ. նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությանը տեղի է ունեցել ընդունելություն՝ հանրահայտ ամերիկահայ գրող-հրապարակախոս, ցեղասպանաբան, Քոլգեյթ համալսարանի պրոֆեսոր Փիթեր Բալակյանին ՀՀ նախագահի կողմից շնորհված «Մովսես Խորենացի» մեդալի հանձնման կապակցությամբ:
ՀՀ պետական պարգեւը Փ. Բալակյանին հանձնելով` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը բարձր է գնահատել բազմաթիվ մասնագիտական մրցանակների արժանացած նրա ստեղծագործությունները գրական ասպարեզում, նրան բնութագրել որպես հայկական հարցերում, այդ թվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, հասարակական ակտիվ դիրքորոշում զբաղեցնող ամերիկահայ մտավորականի:
Բալակյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ պետական բարձր մեդալով պարգեւատրման կապակցությամբ, նշեց Հայոց մեծ եղեռնի, քսաներորդ դարի եւ ժամանակակից այլ ոճրագործությունների մասին պատմական հիշողության պահպանման, դրանց պատշաճ գնահատական տալու, պետական գերատեսչություններում եւ հետազոտական հաստատություններում բացատրական աշխատանքի կարեւորության մասին:
Ընդունելությանը ներկա էին ամերիկահայ քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ, ամերիկահայ համայնքի անդամներ, ամերիկյան ակադեմիական եւ դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Տեղեկանք. Փիթեր Բալակյանը բազմաթիվ հոդվածների, հրապարակախոսությունների, զեկույցների հեղինակ է, նրա աշխատություններից են «Ցեղասպանության դարը, ռասայի ուտոպիան եւ ազգը», «Ճակատագրի սեւ շունը» գրքերը: Բալակյանի վերջին գիրքը` «Վառվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունը եւ Ամերիկայի արձագանքը», Նյու-Յորք Թայմս օրաթերթի կողմից ճանաչվել է «նշանակալի աշխատություն», տարվա «բեստսելլեր», եւ մեծ դեր է ունեցել ամերիկյան լայն հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության լուսաբանման գործում: