Նյու Դելիում տեղի ունեցած աղետների վտանգի նվազեցման Ասիական 2-րդ նախարարական համաժողովի վերաբերյալ 09 նոյեմբերի 2007թ.
09 նոյեմբերի, 2007Ս.թ. նոյեմբերի 7-ից 8-ը Նյու Դելիում տեղի ունեցավ աղետների վտանգի նվազեցման Ասիական 2-րդ նախարարական համաժողովը, որի աշխատանքներին մասնակցում էին ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ներկայացնող 50 պատվիրակություններ, ինչպես նաեւ միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի բացման նիստի ընթացքում ելույթ ունեցան Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը, միավորված առաջադեմ դաշինքի նախագահ Սոնյա Գանդին եւ Հնդկաստանի ՆԳ նախարար Շրիվաջ Փատիլը:
Համաժողովի օրակարգը ներառում էր վաղ զգուշացման, վտանգների նվազեցման մեխանիզմերի, արտակարգ իրավիճակների ժամանակ պատրաստվածության աստիճանի, կլիմայի գլոբալ փոփոխության, համատեղ գործողությունների, տեղեկատվության փոխանակման, միջազգային համագործակցության, կառավարությունների ռազմավարական ծրագրերի իրականացման հարցերը: Համաժողովի աշխատանքների արդյունքում ընդունվեց Դելիի հռչակագիրը` Ասիայում աղետների նվազեցման վերաբերյալ: Որոշում ընդունվեց հաջորդ` 3րդ համաժողովը անցկացնել 2008 թ. երկրորդ կեսին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում:
Հայաստանը համաժողովի աշխատանքներին ներկայացնում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարություն փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը, փրկարար ծառայության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Արման Ավագյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: