ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Շվեցարական համադաշնության ազգային խորհրդի պատվիրակության հանդիպման վերաբերյալ 08 նոյեմբերի 2007թ.
08 նոյեմբերի, 2007Ս.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Շվեցարական համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստին:
Ողջունելով հյուրերին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում Հայաստանի եւ Շվեցարիայի երկկողմ շփումների կապակցությամբ, բարձր գնահատելով Շվեցարիայի խորհրդարանում հայ-շվեցարական բարեկամության խմբի ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեությունը:
Նախարար Օսկանյանը կարեւորեց փոխադարձ շփումների արդյունքում ձեւավորված ամուր հարաբերությունները` հատկապես կարեւորելով Շվեցարիայի մասնակցությունը ՀՀ կառավարության գյուղական շրջանների զարգացման ծրագրերին:
Հյուրերի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարաբերությունները հարեւանների հետ, ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:
Իր հերթին, տիկին Էգերզեգի-Օբրիստին ներկայացրեց Հայաստան կատարած այցի նպատակներն ու հայտնեց տպավորությունների մասին: Իր այցի ընթացքում Շվեյցարիայի խորհրդարանի նախագահը այցելել էր Շվեյցարիայի մասնակցությամբ հայաստանյան ձեռնարկություններ, ծանոթացել դրանց գործունեությանը: Տիկին Էգերզեգի-Օբրիստինի խոսքով իրենց նպատակն է աջակցել ժողովրդավարական ուղին բռնած երկրների զարգացմանը: