ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտիեկունասի հանդիպման վերաբերյալ 08 նոյեմբերի 2007թ. Ս.

08 նոյեմբերի, 2007

Ս. թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտիեկունասի գլխավորած պատվիրակությանը:



Նախարար Օսկանյանը բարձր գնահատեց հայ-լիտվական հարաբերությունների ներկա մակարդակը: Նախարարը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է առավել ամրապնդել եւ զարգացնել քաղաքական եւ տնտեսական երկխոսությունը երկու երկրների միջեւ եւ այս առումով այցը կարող է լավ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր արձանագրված երկկողմ հարաբերությունների բնականոն եւ դինամիկ զարգացման գործընթացներին: Նախարար Օսկանյանը ներկայացրեց ՀՀ պատրաստակամությունը Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակում ուսումնասիրել Լիտվայի հետ կոնկրետ ոլորտներում համագործակցության հնարավորությունները:


Լիտվայի ԱԳ նախարարն ընգծեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները Լիտվան դասում է իր արտաքին քաղաքականության գերակայությունների շարքին: Պաշտոնական Վիլնյուսը հստակ կերպով է պատկերացնում Հայաստանի եւվրոպական հեռանկարները եւ շարունակելու է ցուցաբերել ակտիվ ներգրավվածություն եւ աջակցություն Հարավային Կովկասի երկրներում եւ առանձնապես, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման եւ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամրապնդման խնդիրներին:

Կողմերը կարեւորեցին երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Այս առումով նշվեց Լիտվայի վարչապետի առաջիկա այցը Հայաստան, որի շրջանակներում ծրագրվում է կազմակերպել գործարար համաժողով:


Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձան վրաստանյան իրադարձություններին: Մտահոգություն հայտնելով առկա լարվածությամբ եւ կարեւորելով Վրաստանի կայունությունը, նախարար Օսկանյանը ընդգծեց, որ ԵՄ-ի եւ եվրոպական այլ կառույցների հետ համագործակցության զարգացումը, ինտեգրացիոն գործընթացների խորացումը կնպաստի տարածաշրջանի երկրներում քաղաքական համակարգերի կայունացմանը, իշխանություն-ընդդիմություն կառուցողական երկխոսության մշակույթի ձեւավորմանը:

Նախարար Օսկանյանն մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի վերջին զարգացումները: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում նաեւ տարածաշրջանի էներգետիկ անվտանգության խնդիրների շուրջ:

Հանդիպմանը հաջորդեց «Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ եվրաինտեգրման հարցերում համագործակցության մասին» հուշագրի ստորագրման արարողությունը եւ համատեղ մամուլի ասուլիսը:



Real Audio format (4.6 MB)   | WMA player format (4.51 MB)

Տպել էջը