ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվայի հանդիպման վերաբերյալ 07 նոյեմբերի 2007թ.
07 նոյեմբերի, 2007Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակության կազմում Ֆինլանդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվայի (Ilkka Kanerva) հետ:
2008թ. հունվարին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ֆինլանդիայի իր գործընկերոջ հետ նախարար Օսկանյանը քննարկել է ԵԱՀԿ բարեփոխումների ընթացքը, հայ-ֆիննական քաղաքական հարաբերությունները` ընդգծելով դրանց առավել ակտիվացման եւ երկու երկրների բարձր մակարդակով շփումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Այս առումով կարեւորվեց Ֆինլանդիայի ԱԳ նախարարի 2008 թ. սկզբին Հայատսան կատարելիք այցը:
Նախարար Օսկանյանը հատուկ կարեւորեց Ֆինլադիայի հետ համագործակցությունը ԵՄ-ի հետ ստորագրված Գործողությունների ծրագրի համատեքստում:
Կողմերը շահագրգռվածություն են հայտնել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման վերաբերյալ` արձանագրելով, որ ի տարբերություն քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցությունը մեծ ծավալներ չունի, սակայն վերջին շրջանում Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշների աճ է նկատվում:
ՀՀ ԱԳ նախարարը մանրամասն ներկայացրեց ԼՂ բանակցային գործընթացի ներկա փուլը եւ կարագավորման հեռանկարները, խոսեց հայ-թուրքական հարաբերությունների մասին: