ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Հունգարիա պաշտոնական այցի վերաբերյալ 30 հոկտեմբերի 2007թ. Հունգարիայի ԱԳ նախարար Քինգա Գյո
30 հոկտեմբերի, 2007Հունգարիայի ԱԳ նախարար Քինգա Գյոնցի հրավերով ս. թ. հոկտեմբերի 30-ինՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում:
Նախարարի առաջին հանդիպումը Հունգարիայի արտգործնախարարությունում էր: Ողջունելով ՀՀ ԱԳ նախարարին` տիկին Գյոնցը նշեց երկու ժողովուրդների պատմական կապերը, մշակութային առնչությունները եւ առկա բարեկամական վերաբերմունքը:
Նախարար Օսկանյանն իր հերթին ջերմությամբ արտահայտվեց երկու ժողովուրդների` միմյանց նկատմամբ առկա համակրանքի, Հունգարիայի իշխանությունների կողմից հայկական համայնքի պահպանման եւ զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմանների մասին: Նախարարը հավաստիացրեց Հայաստանի պատրաստակամությունը Հունգարիայի հետ բոլոր ոլորտներում խորացնելու երկկողմ հարաբերությունները:
Այնուհետեւ կողմերն անդրադարձ կատարեցին երկկողմ հարաբերություններին, ներկա փուլում համագործակցության հնարավորություններին: Կարեւորվեց Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի շրջանակում Հունգարիայի հետ գործակցության հնարավորությունը: Նշելով, որ վերջին ժամանակներում զգալիորեն աճել է Հարավային Կովկասի պետությունների նկատմամբ հետաքրքրությունը ԵՄ-ում, տիկին Գյոնցը շեշտեց, որ պաշտոնական Բուդապեշտը քաջալերում է արեւելյան ուղղության ակտիվացման ԵՄ ջանքերը:
Նախարարները քննարկեցին տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորությունները` նշելով դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը` որպես առաջնային ոլորտներ, որտեղ առկա է գործակցության զգալի ներուժ: Այս համատեքստում ձեռք բերվեց պայմանավորվածություն` նպաստելու երկու երկրների իրավապայնագրային դաշտի համալրմանը:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային խնդիրների, տարածաշրջանային զարգացումների, հարեւան պետությունների հետ հարաբերությունների վերաբերյալ: Հունգարիայի ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրի դիրքորոշումը Կոսովոյի հիմնահարցի վերաբերյալ, Վարդան Օսկանյանն էր խոսեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի վերջին զարգացումների մասին:
Խոսելով 2004 թվականին ադրբեջանական սպայի կողմից հայ սպայի նկատմամբ կատարած ոճրագործության մասին` նախարար Օսկանյանը իր գոհունակությունն արտահայտեց Հունգարիայի դատական համակարգի կողմից կայացրած արդար որոշումների մասին եւ հայտնեց, որ մեզ համար անընդունելի են ադրբեջանական կողմի պահանջները` ոճրագործին Ադրբեջան փոխանցելու վերաբերյալ:
Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է նախարար Օսկանյանի ելույթը Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանում (CEU), որը կունկնդրեն Հունգարիայում հավատարմագրված դեսպանությունների, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ, համալսարանի ուսանողադասախոսական կազմը, լրագրողներ:
Երեկոյան նախատեսված է նախարար Օսկանյանի հանդիպումը Հունգարահայ ազգային ինքնավարության վարչության անդամների հետ:
Հոկտեմբերի 31-ին նախարար Օսկանյանը այցելելու է Հունգարիայի խորհրդարան, ուր տեղի կունենա հանդիպում խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Զորթ Նեմեթի հետ: