Հայաստանի եւ Չեխիայի ԱԳ նախարարությունների միջեւ կայացած քաղաքական խորհրդատվությունների վերաբերյալ 29 հոկտեմբերի 2007թ.
30 հոկտեմբերի, 2007Ս.թ. հոկտեմբերի 29-ին Երեւանում մեկնարկեցին հայ-չեխական քաղաքական խորհրդատվությունները: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, իսկ չեխական պատվիրակությունը գլխավորում էր ՉՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Տոմաշ Պոյարը:
Ողջունելով երկու երկրների ԱԳ նախարարությունների միջեւ միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացումը` մասնակիցները կարեւորեցին դրանց դերը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խնդիրների քննարկման, բարձրաստիճան այցերի օրակարգի ձեւավորման առումով: Այդ համատեքստում հատկապես կարեւորվել է Չեխիայի ԱԳ նախարարի Հայաստան ակնկալվող այցը:
Հայկական կողմը վերահաստատեց Հայաստանի ձգտումը հնարավոր բարձր մակարդակի հասցնել ԵՄ հետ հարաբերությունները, ինչպես նաեւ ընդգծեց, որ Հայաստանն ակնկալում է Չեխիայի գործուն մասնակցությունը ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում եւ պատրաստ է դիտարկել Չեխիայի հետ գործակցության հնարավորությունը այդ ծրագրի շրջանակում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության հեռանկարներին:
Կողմերն ընդգծեցին նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը մշակութային եւ գիտակրթական ոլորտներում` շեշտադրելով համապատասխան իրավապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը:
Հյուրերի խնդրանքով պարոն Կիրակոսյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործնթացի ներկա վիճակը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունները: