ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Բուլղարիա պաշտոնական այցի վերաբերյալ 30 հոկտեմբերի 2007թ. Ս. թ. հոկտեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ ն
30 հոկտեմբերի, 2007Ս. թ. հոկտեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այց կատարեց Բուլղարիա:
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ եւ Բուլղարիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Իվայլո Կալֆինի հանդիպումը:
Հանդիպման սկզբին նախարարները գոհունակությամբ նշեցին, որ պատմամշակութային կապերով հարուստ ավանդական բարեկամական հարաբերությունները հիմք են երկու երկրների դինամիկ քաղաքական երկխոսության համար: Վերջին շրջանում ամենաբարձր մակարդակի փոխայցերը խթան են հանդիսացել գործակցության ծավալման համար:
Նախարարները հատուկ կարեւորեցին երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը, ինչին մեծապես կնպաստի Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի առաջիկա այցը Հայաստան: Այս առումով կարեւորվեց նաեւ Հայաստանի եւ Բուլղարիայի առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի ներուժի լիարժեք օգտագործումը, որի շրջանակներում նպատակահարմար համարվեց կազմակերպել երկու երկրների գործարարների հանդիպում:
Նախարար Օսկանյանը հատուկ կարեւորեց Բուլղարիայի հետ համագործակցությունը ԵՄ-ի հետ ստորագրված Գործողությունների ծրագրի համատեքստում: Բուլղարական կողմը կարեւորեց ԵՄ շրջանակներում Սեւծովյան ներդաշնակեցում նախաձեռնության առաջքաշումը, որը նոր հեռանկարներ է բացում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու համար:
Կողմերն անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում` երկու երկրների հարեւանների հետ ունեցած հարաբերություններին: Հատուկ անդրադարձ եղավ տարածաշրջանային հակամարտություններին` Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի հիմնախնդիրների շուրջ ընթացող զարգացումներին:
ՀՀ արտգործնախարարի խնդրանքով պրն. Կալֆինը ներկայացրեց հոկտեմբերի
18-ին տեղի ունեցած ԵՄ միջկառավարական կոնֆերանսի արդյունքները` նշելով, որ անդամ երկրների կողմից համաձայնեցված պայմանագիրը հնարավորություն է ընձեռում խուսափել ճգնաժամից` նոր էջ բացելով Միության հետագա զարգացման համար:
Հանդիպման վերջում արտգործնախարարները ստորագրեցին արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ համագործակցության մասին:
Օրվա առաջին կեսին նախարար Օսկանյանին ընդունեց Բուլղարիայի նախագահ Գեորգի Պարվանովը: Խնդրելով իր ողջույնը փոխանցել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին` նախագահ Պարվանովը բարձր գնահատական տվեց նոր որակ ստացած երկկողմ հարաբերություններին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումերի, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի ներքին վիճակը, խոսեց մայիսին խորհրդարանական ընտրություններից հետո ուժերի հարաբերակցության, նաեւ երկրի տնտեսական բարեփոխումների մասին:
Նախագահ Պարվանովը իր երկրի պատրաստակամությունը հայտնեց փորձ փոխանակելու եվրոպական ինտեգրման ուղղությամբ:

Հոկտեմբերի 28-ին Սոֆիայում` ՀՀ դեսպանության նոր շենքում, ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց բուլղարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, Հայաստանում ընթացող բարեփոխումները, խոսեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին: Նախարարը ՀՀ Հատուկ անձնագրեր տվեց Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանին եւ նրա տիկնոջը: Վարդան Օսկանյանը նաեւ հարցազրույց տվեց համայնքային «Երեւան» շաբաթաթերթին: