ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհալի հանդիպման վերաբերյալ

25 հոկտեմբերի, 2007

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Քրիստիան Շտրոհալի գլխավորած պատվիրակությանը: Այցը հիմնականում նպատակ ունի քննարկելու ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրություների դիտորդական առաքելության վերջնական զեկույցում նշված խնդիրները եւ ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ ծանոթանալու դրանց ուղղությամբ ձեռնարկված քայլերին:

Հանդիպման ժամանակ կրկին անգամ արձանագրվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեռք բերված հաջողությունը եւ կարեւորվեց դրա պահպանումն ու բարելավումը առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ:

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ գրասենյակի կողմից ընտրությունների նախապատրաստման շրջանում ցույց տրված աջակցության, մասնավորապես` անցկացված վերապատրաստման եւ ԿԸՀ-ին տրամադրված օժանդակության համար, ինչն իր դրական ներդրումն է ունեցել ընտրությունների հաջող անցկացման գործում:

Պրն. Շտրոհալը իր գրասենյակի պատրաստակամությունը հայտնեց շարունակելու նման գործունեությունը` արդեն իսկ ձեռք բերվածը ամրապնդելու եւ ընտությունների գործընթացը առավել բարելավելու համար:
Տպել էջը