ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հանդիպման վերաբերյալ

24 հոկտեմբերի, 2007

Ս.թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին (Ռուսաստան):

Ողջունելով պրն. Կապինոսի նոր կարգավիճակով Հայաստան վերադարձը` նախարար Օսկանյանը վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ ավանդական արդյունավետ եւ օգտակար գործակցությունը կշարունակվի:

Երկուստեք կարեւորվեց գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի շարունակականությունը, մասնավորապես, ոստիկանության հետ իրագործվող բարեփոխումների, Սյունիքում բացված ԵԱՀԿ գրասենյակի կողմից աղքատության կրճատման, սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացումը:

Դեսպան Կապինոսը ներկայացրեց ԵԱՀԿ տարածաշրջանային գրասենյակների հավաքի արդյունքները` նշելով կազմակերպության գլխավոր քարտուղարի դրական գնահատականը Երեւանյան գրասենյակի գործունեության վերաբերյալ: Նշվեց նաեւ, որ Հայաստանի հետ գործակցության օրակարգը բավական ընդարձակ է, եւ գրասենյակը վճռական է իրագործել արդեն իսկ սկսված ծրագրերն ու նախաձեռնել նորերը:

Տեղեկանք: Ծնվել է 1956թ. Ուկրաինայում: 1978թ. ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ֆակուլտետը: 1992թ. ավարտել է ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի հասարակական եւ քաղաքական գիտությունների ֆակուլտետը: 1978թ. աշխատանքի է ընդունվել ԽՍՀՄ ԱԳՆ: 1992-1997թթ.` Հնդկաստանում ՌԴ դեսպանության առաջին քարտուղարն էր, այնուհետեւ ` տնտեսագիտական հարցերով խորհրդական, 1997-1999թթ.` ՌԴ ԱԳՆ Միջազգային անվտանգության եւ սպառազինության տնօրինության ավագ խորհրդականը: 1999թ.-2003թթ. եղել է Հայաստանում ՌԴ դեսպանություն խորհրդականը, այնուհետեւ
նախարար-խորհրդական: 2003 թվականից մինչ օրս ՌԴ ԱԳՆ Կովկասյան տնօրինության պետի տեղակալն է:

Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, լեհերեն, ուկրաիներեն, ուրդու, հինդի լեզուներին: Ամուսնացած է:
Տպել էջը