ՄԱԿ-ի մրցույթում հայ նկարչի հաղթող ճանաչվելու վերաբերյալ

22 հոկտեմբերի, 2007

Ս.թ. հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կենտրոնակայանում, տեղի ունեցավ Պատանի նկարիչների միջազգային մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել էր աղքատության հաղթահարման միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում: Այդ պատվավոր մրցույթի 6 հաղթողներին, որոնց թվում էր նաեւ հայաստանցի տասներեքամյա Մարիամ Մարուկյանը, պատվոգրեր հանձնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ պրն. Շա Զուկանգը: Մրցույթը Հայաստանում կազմակերպել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայստանյան գրասենյակի կողմից:

Աշխարհի գրեթե բոլոր երկրներից 12000 -աշխատանքներ էին ներկայացվել, այդ թվում 471-ը՝ Հայաստանից: 6 հաղթողների նկարները կպատկերվեն 2008թ. ՄԱԿ-ի կողմից թողարկվող դրոշմանիշերի վրա: Մարիամը, փաստորեն, միակ հաղթողն էր, որը ներկայացնում էր Եվրոպա աշխարհամասը, ինչն ինքնին մեծագույն հաջողություն եւ պատիվ է թե՛ նրա համար եւ թե՛ Հայաստանի:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, տեղեկանալով հայ նկարչուհու հաջողության մասին, դիմել էր ՀԲԸՄ՝ մրցանակաբաշխությանը Մարիամի մասնակցությունն ապահովելու խնդրանքով: ՀԲԸՄ մեծահոգաբար ստանձնեց Մարիամի եւ նրա ուսուցիչ Ռ. Հակոբյանի Նյու Յորք ճամփորդության եւ կեցության ծախսերը: Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ եւ առաջին տիկին Բելլա Քոչարյանը նույնպես անմասն չմնացին այս կարեւոր ձեռնարկից:

Մարիամը ծնողազուրկ է, ապրում է Երեւանում տատիկի հետ եւ հաճախում ս. Էջմիածնի եւ Հայ բարեգործական ընդհանուր միության երիտասարդական կենտրոնի՝ Ռուզաննա Հակոբյանի նկարչության դասերը:

Մրցույթին ներկայացված հայ նկարիչների աշխատանքները արժանացել էին միջազգային ժյուրիի դրվատանքին՝ բարձր գեղագիտական որակի համար:

Տպել էջը