Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումների վերաբերյալ
22 հոկտեմբերի, 2007Հայկական մշակութային շաբաթի միջոցառումներին մասնակցելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ Փարիզից ժամանած ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. հոկտեմբերիի 19-ին հանդիպում ունեցավ Ռաս ալ Խահմայի էմիրության թագաժառանգ Շեյխ Սաուդ Բին Սաքր ալ Քազիմի (Sheikh Saud Bin Saqr Al Qasimi) հետ: Բանակցությունների արդյունթում կողմերը ստորագրեցին էներգետիկայի, արդյունաբերության, տուրիզմի, տրանսպորտի եւ հեռահաղորդակցության բնագավառներում Ռաս ալ Խահմայի էմիրության եւ Հայաստանի միջեւ համագործակցության վերաբերյալ Համատեղ հռչակագիր:
Նախարար Օսկանյանն ու թագաժառանգն անդրադարձան նաեւ տնտեսական ոլորտում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին եւ տարածաշրջանային մի շարք խնդիրներին:

Նախարարը հանդիպում ունեցավ նաեւ թագաժառանգի գլխավոր խորհրդական դոկտոր Խաթեր Մասսադի (Dr. Khater Massad) հետ, որը նաեւ Հայաստանի շաբաթի անցկացումը հովանավորող Ալ Համրա անշարժ գույքի եւ Ռաքեն Զարգացման գործակալության ընկերությունների տնօրենն է:
Հոկտեմբերի 18-ին նախարար Օսկանյանը Աբու Դաբիում հյուրընկալվեց ԱՄԷ դաշնային ազգային խորհրդի պետնախարար դոկտոր Անվար Գարգաշի (Dr Anwar Gargash) կողմից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսական եւ քաղաքական հարցեր, ինչպես նաեւ ԱՄԷ եւ Հայաստանի միջեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: