Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի եւ Շվեյցարիայի խորհրդարանի խոսնակի հանդիպման վերաբերյալ
12 հոկտեմբերի, 2007Ս. թ. հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Էգերցեգի-Օբրիստի հետ (Christine Egerszegi-Obrist)՝ քննարկվելու հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա մակարդակը եւ Հայաստանի հետ առաջիկա միջխորհրդարանական շփումներին առնչվող հարցեր։ Հանդիպմանը վերահաստատվել են Շվեյցարիայի խորհրդարանի խոսնակի Հայաստան պաշտոնական այցի ժամկետները՝ նոյեմբերի 6-8-ը: Այցը տեղի է ունենալու ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հրավերով:Շվեյցարիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով սա առաջին պաշտոնական այցելությունն է լինելու Հայաստան եւ կարեւոր խթան է հանդիսանալու երկկողմ հարաբերությունների եւ մասնավորապես, միջխորհրդարանական կապերի ամրապնդման համար։Տեղեկանք. Շվեյցարիայի խորհրդարանը կարեւոր դեր է խաղում Հայաստանի եւ Շվեյցարիայի քաղաքական երկխոսությունը զարգացնելու եւ հարստացնելու գործում։ Խորհրդարանը 2003թ. դեկտեմբերին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մարդկության դեմ ոճրագործությունների, ներառյալ ցեղասպանությունների ուրացումը Շվեյցարիայում հետապնդվում է օրենքով: Շվեյցարական խորհրդարանում գործում է Հայ-շվեյցարական բարեկամության խումբ, որը հետեւողականորեն նպաստում է տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնմանը։ Խումբը տարբեր ատյաններում քանիցս ձայն է բարձրացրել՝ դատապարտելով Նախիջեւանում հայկական մշակութային հուշարձանների ավերումը եւ պահանջելով համապատասխան հետաքննություն։