ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի Իտալիա կատարած աշխատանքային այցի վերաբերյալ
11 հոկտեմբերի, 2007Ս.թ. հոկտեմբերի 9-11-ը աշխատանքային այցով Իտալիայում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, որը Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանի ուղեկցությամբ հանդիպումներ ունեցավ Իտալիայի ԱԳ փոխնախարար Ֆամիանո Կրուչաներիի, ԱԳ Եվրոպական գլխավոր վարչության պետ Լաուրա Միրաքյանի հետ եւ մասնակցեց իտալահայ համայնքի լայն հնչեղություն ստացած միջոցառմանը:
Ֆ. Կրուչաներիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցությանը առնչվող՝ մասնավորապես 2008 թ. գարնանը Միլանում նախատեսվող հայ-իտալական գործարար համաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր: Իտալիայի ԱԳ բարձրաստիճան պաշտոնյային մանրամասն ներկայացվեց ՀՀ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Իտալիայի առնչությամբ համագործակցության առաջնայնությունները: Այս ենթատեքստում կարեւորվեց Հայաստանում Եվրոպայի Միության տեղեկատվական կենտրոնի ստեղծումը: Քննարկվեցին նաեւ մոտ ապագայի ռազմավարական ծրագրեր: Զրուցակիցները հատուկ անդրադարձան երկու երկրների իրավապայմանագրային դաշտի ներկա վիճակին՝ պայմանավորվածությամբ արագացնելու երկու երկրների միջեւ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ պայմանագրի համաձայնեցման ընթացքը:
Եվրոպական գլխավոր վարչության պետ Լ. Միրաքյանի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-իտալական երկկողմ, տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցություններին առնչվող հարցեր, Մերձավոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող գործընթացները, Իտալիայում ընթացիկ տարվա վերջին իրականացվելիք հայկական մշակութային շաբաթի միջոցառումների մանրամասներ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ա. Բայբուրդյանը մասնակցեց Հռոմի կենտրոնում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող եւ
հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող հայկական խաչքարի հանդիսավոր բացման արարողությանը: Խաչքարի բացմանը ներկա բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի թվում էին Հռոմի նահանգապետը, Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ, հայ հոգեւոր դասի բարձր ներկայացուցիչներ, Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, Իտալիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից:-