Հայաստանի անկախության 16-ամյակի կապակցությամբ Կորդոբայում կազմակերպված հանդիսության վերաբերյալ

10 հոկտեմբերի, 2007

Ս.թ. հոկտեմբերի 6-ին Արգենտինայի` բնակչությամբ երկրորդ քաղաք Կորդոբայի Հայկական համայնքի ընդհանուր խորհուրդը Արգենտինայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ կազմակերպել է տոնական հանդիսություն` նվիրված Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձին:

Միջոցառմանը, որն անցկացվել է Կորդոբա քաղաքի «Արմենիա» փողոցի վրա տեղակայված Հայ Բարեգործական Ընդհանուր Միության մասնաճյուղի սրահում, ներկա են եղել մոտ 400 կորդոբացիներ` քաղաքային իշխանությունների եւ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ազգային բարերարներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ, բժիշկներ, լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Կորդոբայի Հայ համայնքի ընդհանուր խորհրդի նախագահ Ռաֆայել Սիմոնյանը եւ Արգենտինայում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Խորեն Տերտերյանը: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Հայաստանին նվիրված տեսաֆիլմ, հնչել են երգեր «Ախթամար» երգչախմբի կատարմամբ, ելույթ են ունեցել «Ծիրանի» եւ «Թորգոմ» երաժշտական համույթները:

Հայաստանի ազգային տոնին նվիրված հանդիսության շրջանակում տեղի է ունեցել արգենտինացի լրագրող Մարիանո Սարավիայի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կոչ հանդիսացող El Grito Armenio («Հայկական ճիչ») գրքի շնորհանդեսը:
Տպել էջը