ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Ֆլետչերի դպրոց այցելության վերաբերյալ
08 հոկտեմբերի, 2007Ս.թ հոկտեմբերի 5-ին նախարար Օսկանյանը ելույթ ունեցավ Մասաչուսեթսի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում:
Ելույթից առաջ նախարար Օսկանյանը Ֆլետչերի դեկան, ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Բոսվորտի կողմից պարգեւատրվեց «Դեկանի շքանշան» (Dean's Medal) մրցանակով: Ֆլետչերի դպրոցի շրջանավարտ Վարդան Օսկանյանը` ականավոր շրջանավարտներ Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադիից (Shirin Ebadi), Ինդոնոզիայի արտգործնախարար Հասան Վիրաջուդայից (Hassan Wirajuda), ԱՄՆ Նյու Մեքսիկոյի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնից (Bill Richardson), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Շաշի Թարուրից (Shashi Tharoor), Կորեայի Դեմոկրատական Հանրապետությունում Չինաստանի դեսպան Լիու Քսիաոմինգից (Liu Xiaoming) հետո վերջինն էր, որ ստացավ այդ մրցանակը:

Շնորհակալություն հայտնելով առանձնահատուկ պարգեւի համար` նախարար Օսկանյանը երախտագիտությամբ խոսեց ՀՀ արտգործնախարարության հետ Ֆլետչերի դպրոցի շարունակվող համագործակցության վերաբերյալ:
Պարգեւատրման արարողությունից հետո, նախարար Օսկանյանը դասախոսություն կարդաց «Փոքր երկրների դիվանագիտությունը» խորագրով: Նա վկայակոչեց այն գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերները, որոնք բացասական ազդեցություն են ունենում փոքր երկրների վրա: Նախարար Օսկանյանը խոսեց նաեւ անկախությունից ի վեր Հայաստանի ռազմավարական առաջնայնությունների մասին:
Նախարար Օսկանյանը անդրադարձավ տարածաշրջանային խնդիրներին, ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները, հարաբերությունները հարեւանների հետ:
Այնուհետեւ հաջորդեց հարց-պատասխան նիստը, որին մասնակցեցին Ֆլետչերի դպրոցի ուսանողները եւ դասախոսական կազմը:
Տեղեկանք. Հատուկ ծրագրով, 1999 թվականից սկսած ՀՀ ԱԳՆ-ի հետ համագործակցության ընթացքում Ֆլետչերի դպրոցը ընդունել է տասնհինգ դիվանագետներից եւ քաղծառայողներից բաղկացած հինգ խումբ: ՀՀ ԱԳՆ դիվանագետների հետ մեկտեղ ծրագրին մասնակցել են նաեւ քաղծառայողներ` ֆինանսների, առեւտրի, արդարադատության, առողջապահության նախարարություններից, նախագահի աշխատակազմից, ՀՀ Գլխավոր դատախազությունից եւ այլ մարմիններից: Ծրագիրն ամբողջապես աջակցություն է ստանում Դավիդյան հիմնադրամի (Tavitian Foundation) կողմից, որը ղեկավարում է գործարար եւ բարեգործ Ասո Դավիդյանը: Վերջինիս նպատակն է զարգացնել Հայաստանի կարողությունները` խրախուսելով եւ կրթությունը շարունակելու հնարավորություն տալով պաշտոնյաներին եւ մասնագետներին: Ծրագիրը ձեւավորվել է Թաֆթսի համալսարանի Հոգաբարձուների խորհրդի եւ Դավիդյան հիմնադրամի անդամ Ջոյս Բարսամի (Joyce Barsam) գլխավորությամբ: