ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Նյու-Յորք եւ Բոստոն այցերի վերաբերյալ 06 հոկտեմբերի 2007թ. Նյու-Յորքում գ

06 հոկտեմբերի, 2007

Նյու-Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ.հոկտեմբերի 4-ին ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Խաղաղության համար միջկրոնական եւ միջմշակութային համագործակցության Բարձր մակարդակի երկխոսության նիստին (UN GA High Level Dialogue on Interreligious & Intercultural Understanding & Cooperation for Peace):

Ֆիլիպիններրի եւ Պակիստանի կողմից հովանավորվող նստաշրջանը նվիրված էր խաղաղության ամրապնդման համար միջկրոնական եւ միջմշակութային երկխոսության խրախուսման անհրաժեշտությանը:

Նույն օրը նախարար Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հանդիպմանը անդրադարձ եղավ Լեռնային Ղաչաբաղի հակամարտության կարգավորման բանակցային այն հարցերին, որոնց շուրջ շարունակվում են տարաձայնությունները կողմերի միջեւ: Քննարկվեցին նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր:

Հոկտեմբերի 4-ին նախարար Օսկանյանը հանդիպեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսի հետ: Քննարկվեցին երկկողմ համագործակցության ծավալուն օրակարգի, Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի եւ տարածաշրջանային, այդ թվում հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 5-ին նախարար Օսկանյանը մեկնել էր Բոստոն, ուր ելույթ ունեցավ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Այնտեղ Վարդան Օսկանյանին հանդիսավոր պայմաններում շնորհվեց Dean's Medal մրցանակը:
Տպել էջը