Եվրոպայի Խորհրդում կայացած Կովկասյան կամերային նվագախմբի համերգի վերաբերյալ 05 հոկտեմբերի 2007թ.

05 հոկտեմբերի, 2007

Ս.թ. հոկտեմբերի 4-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Եվրոպայի խորհրդում կայացել է Կովկասյան կամերային նվագախմբի համերգը։

Համերգը, որին մասնակցում էին երաժիշտներ Հայաստանից, Վրաստանից եւ Ռուսաստանից, կազմակերպվել էր ԵԽԽՎ Հարավային Կովկասում անհայտ կորածների հարցերով զեկուցող Լեո Պլատվոյետի եւ Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության ղեկավար Մարի Իսլեր Բեգենի կողմից՝ ԵԽ-ում Հայաստանի եւ Վրաստանի մշտական ներկայացուցչությունների աջակցությամբ։

Համերգի կազմակերպման նպատակն էր ցույց տալ, որ երաժշտությունը համամարդկային արժեք է, որը միավորում է ժողովուրդներին եւ հանդիսանում է խաղաղության խորհրդանիշ Կովկասյան տարածաշրջանում։

Կազմակերպիչները դիմել էին նաեւ Ադրբեջանին՝ նախաձեռնությանը մասնակցության առաջարկով, սակայն Ադրբեջանի իշխանությունները չցուցաբերեցին քաղաքական աջակցություն եւ իրենց երաժիշտը չմասնակցեց համերգին։

Բացման խոսքով հանդես է եկել Լեո Պլատվոյետը, ով շնորհակալություն է հայտնել ԵԽ-ում Հայաստանի եւ Վրաստանի մշտական ներկայացուցչություններին այս խորհրդանշական նախաձեռնությանը աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ եւ ափսոսանք հայտնել Ադրբեջանի մասնակիցների բացակայության համար։

ԵԽԽՎ նախագահ Ռեն Վան դեր Լինդենը, ելույթում կարեւորելով նախաձեռնության իրականացումը Եվրոպայի խորհրդում, հույս հայտնեց, որ մյուս անգամ Ադրբեջանի երաժիշտները հնարավորություն կունենան մասնակցելու նման կարեւոր նախաձեռնություններին։

Համերգին ներկա էին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը, ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵԽ-ում հավատարմագրված դեսպաններ, ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակություններ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Տպել էջը