Հայաստանի բուհերին եւ դպրոցներին ֆրանսերենի ուսուցման մեթոդական գրականությամբ ապահովելու ծրագրի վերաբերյալ 04 հոկտեմբերի 2007թ.

04 հոկտեմբերի, 2007

Ս.թ. հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում կայացավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի բուհերին եւ դպրոցներին ֆրանսերենի ուսուցման մեթոդական գրականությամբ ապահովելու ծրագրին: Սենատոր, Ադիֆլոր կազմակերպության նախագահ Լուի Դյուվերնուան դեսպան Է. Նալբանդյանին ներկայացրեց ֆրանսերենի ուսուցման այն քառասուն հազար դասագրքերի նմուշները, որոնք ուղարկվելու են Հայաստանի կրթական հաստատություններին:

Ծրագիրը, որ իրականացվում է Ադիֆլոր (ADIFLOR - Association pour la Diffusion Internationale Francophone des Livres, Ouvrages et Revues) կազմակերպության միջոցով եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության, մշակույթի նախարարության, Էսոն նահանգի Գլխավոր խորհրդի, Ֆրանսիայի Ազգային գրադարանի, Գրքի Ազգային կենտրոնի, Ալիանս Ֆրանսեզի, Կլե Ինտերնասիոնալ հրատարակչության, նաեւ ֆրանսահայ Սփյուռք-Հայաստան միության աջակցությամբ, որոնց ներկայացուցիչները ներկա էին միջոցառմանը, նախատեսում է Հայաստանի տասնյակ համալսարաններին եւ մոտ հարյուր հիսուն դպրոցներին այս ուսումնական տարվա ընթացքում անվճար կերպով ապահովել ֆրանսերենի ուսուցման մեթոդական գրականությամբ: Ծրագիրն արժանացել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հավանությունը:

Դասագրքերի խմբաքանակը Հայաստան կառաքվի հոկտեմբերի 4-ին եւ տեղ կհասնի նոյեմբերի կեսերին:

Շնորհակալություն հայտնելով ծրագրի բոլոր աջակիցներին՝ դեսպան Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը պետական հոգատարություն է ցուցաբերում ֆրանսերենի խորացված դասավանդման ուղղությամբ: Հայաստանը նաեւ դիտորդի կարգավիճակով անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը: «Հայաստանի հարյուրավոր դպրոցներում եւ տասնյակ բուհերում դասավանդվում է ֆրանսերեն: Հայաստանում գործում են ֆրանսիական մասնագիտական լիցեյը եւ Ֆրանսիական համալսարանը, որն իր տեսակի մեջ լավագույններից մեկն է Ֆրանսիայի տարածքից դուրս: Ուստի այսօր գոհունակությամբ կարող ենք ասել, որ ֆրանսերենը Հայաստանում դասավանդվում է ամբողջական ցիկլով՝ մանկապարտեզից մինչեւ բուհ եւ այս ծրագիրը գալիս է լրացնելու Հայաստանի կառավարության ջանքերը», ասաց դեսպանը:
Տպել էջը