Մարդու իրավունքների խորհրդի վեցերորդ նստաշրջանում Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված բանաձեւերի վերաբերյալ 01 հոկտեմբերի 2007թ. \
03 հոկտեմբերի, 2007Ս.թ. սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի վեցերորդ նստաշրջանում Հայաստանի նախաձեռնությամբ եւ հեղինակությամբ միաձայն ընդունվեց «Մշակութային ժառանգության պաշտպանությունը որպես մշակութային իրավունքների խրախուսման եւ պաշտպանության կարեւոր բաղադրիչ» բանաձեւը (Armenia Resolution on the Protection of cultural heritage as an important component of the promotion and protection of cultural rights): Միջտարածաշրջանային այս բանաձեւը համահեղինակել էին ՄԻԽ անդամներ եւ դիտորդներ Եգիպտոսը, Ալժիրը, Թունիսը, Ռուսաստանի Դաշնությունը, Նիկարագուան, Շրի Լանկան, Անգոլան, Ղազախստանը, Եթովպիան, Բելառուսը եւ այլն:Ընդգծելով, որ մշակութային ժառանգությունը ներկայանում է ժողովուրդների եւ անհատների մշակութային ինքնության բաղադրիչ մաս, բանաձեւում նշվում է, որ յուրաքանչյուր մշակույթ կրում է արժանապատվություն եւ արժեք, որ պետք է հարգվի եւ պահպանվի: Նշվում է նաեւ, որ մշակութային իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը եւ մշակութային բազմազանությունը ժողովուրդների եւ քաղաքակրթությունների միջեւ հանդուրժողականության, հարգանքի, երկխոսության եւ համագործակցության բաղադրիչներ են: Բանաձեւում մշակութային ժառանգության ավերումը բնութագրվում է որպես մշակութային իրավունքների խախտում: Շեշտվում է նաեւ, որ մշակութային ժառանգության միտումնավոր ավերումը կարող է հանդիսանալ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության քաջալերում կամ հրահրում: Խիստ մտահոգություն հայտնելով, որ աշխարհի տարբեր վայրերում շարունակվում են մշակութային ժառանգության միտումնավոր ավերման դեպքերը` բանաձեւն ընդգծում է երկրների պատասխանատվությունը ինչպես միտումնավոր ավերման, այնպես էլ այն չկանխելու, չդադարեցնելու եւ մեղավորներին չպատժելու համար: Նույն նստաշրջանում Հայաստանը, որպես պաշտոնական փաստաթուղթ, ՄԻԽ անդամների ուշադրությանն է ներկայացրել Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանոցի եւ ընդհանրապես Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգության ավերման վերաբերյալ նյութեր:Սեպտեմբերի 28-ին Հայաստանի նախաձեռնությամբ Ժնեւում Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց որոշում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ (Armenia decision on the Prevention of genocide): Այն ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ում Հայաստանի նախկին նախաձեռնությունների շարունակությունն է եւ նպատակ ունի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՄԱԿ-ի հիմնական մարմնի շրջանակներում զարգացնելու վաղ կանխարգելման խնդիրների, դրանով զբաղվող մեխանիզմների միջեւ համագործակցության եւ գործունեության ներդաշնակեցման հարցերի համակարգը: Հայաստանը առաջնորդվում է այն սկզբունքով, որ մարդու իրավունքների, ներառյալ նաեւ ազգային, ռասայական, կրոնական եւ էթնիկական խմբերի իրավունքների խախտման վաղ կանխարգելումը հանդիսանում է դրանց` մասսայական խախտումների վերածման եւ մարդկության դեմ հանցագործությունների, ներառյալ ցեղասպանության վաղ կանխարգելման հիմնարար բաղադրիչներ: Այս բանաձեւը եւս մեկ քայլ է հանդիսանում մեկ կողմից ՄԱԿ Մարդու իրավունքների հիմնական մարմնի, ներառյալ դրա շրջանակներում գործող տարբեր մեխանիզմները եւ ՄԱԿ Մարդու իրավուքների բարձրագույն հանձնակատարը, եւ մյուս կողմից ՄԱԿ Գլխավոր Քարտուղարի կողմից հիմնված Ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդականի միջեւ համակարգված եւ կանոնավոր փոխգործակցության համակարգի զարգացման ուղղությամբ: Այս բանաձեւը արտահայտում է մարդու իրավունքների պաշտպանությանն եւ խրախուսմանը ուղղված միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը, ինչպես նաեւ հայ ժողովրդի բարոյական պարտավորությունը մարդկության առջեւ: Որոշումը համահեղինակել էին 62 պետություններ, ինչը նախաձեռնության քաղաքական պահանջարկի եւ լայն աջակցություն վայելելու եւս մեկ ապացույց է:Նույն օրը տարբեր տարածաշրջանները ներկայացնող չորս երկրների` Հայաստանի, Բելգիայի, Մեքսիկայի եւ Սենեգալի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի 6-րդ նստաշրջանը Ժնեւում ընդունեց բանաձեւ մարդու իրավունքերի խնդիրներով զբաղվող տարածաշրջանային կառույցների վերաբերյալ (Armenia,Belgium,Mexico,Senegal Resolution on Regional arrangements for promotion and protection of human rights): Բանաձեւով նախատեսվում են գործնական քայլեր տարածաշրջանային կառույցների միջեւ համագործակցության հաստատման եւ փորձի փոխանակման ուղղությամբ: Ուշագրավ է, որ առաջին անգամ ՄԱԿ-ի հովանու ներքո հավաքվելու են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եվրոպական, ամերիկյան, աֆրիկյան եւ ասիական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչի կազմակերպմանը գործուն նպաստ է բերում նաեւ Հայաստանը, որպես Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ անդամ:
Տեղեկանք. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ստեղծվել է 2006թ-ին` փոխարինելով նախկինում գործող Մարդու իրավունքների հանձնաժողովին: Այն ՄԱԿ-ի համակարգում մարդու իրավունքների խրախուսման եւ պաշտպանությամբ զբաղվող հիմնական մարմինն է, որի անդամ են ՄԱԿ-ի 47 անդամ պետություններ երկրներ: 2002-2006թթ. ընթացքում հանդիսանալով ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ` Հայաստանը ներկայումս ՄԻԽ-ում ունի դիտորդի կարգավիճակ: