Քաջարանի քաղաքապետարանի պատվիրակության Բելառուս կատարած այցի վերաբերյալ 02 հոկտեմբերի 2007թ. Ս.թ. սեպտեմբերի 24-3

02 հոկտեմբերի, 2007

Ս.թ. սեպտեմբերի 24-30-ը Մինսկի մարզի Ժոդինոյի քաղաքապետարանի հրավերով Բելառուս է այցելել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետարանի 17 հոգանոց պատվիրակությունը քաղաքապետ Վարդան Գեւորգյանի գլխավորությամբ։ Պատվիրակության այցի նպատակն է Մինսկի մարզի Ժոդինոյի եւ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի միջեւ 2006թ. հոկտեմբերին կնքված համագործակցության մասին պայմանագրի իրագործումը:

Ժոդինոյի քաղաքապետարանում, նաեւ այնտեղ տեղակայված «Բելազ» գործարանի ղեկավարության հետ կայացած հանդիպումներին, որոնց մասնակցում էր նաեւ Բելառուսում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչը, քույր քաղաքներ Ժոդինոյի եւ Քաջարանի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու մշակութային կապերի ամրապնդման հարցերի հետ մեկտեղ քննարկվել են «Բելազ» մակնիշի խոշոր ինքնաթափերի Հայաստան առաքման եւ հուսալի շահագործման խնդիրները։

Բելառուսի մեքենաշինարարները խիստ արժեքավոր են գնահատել հայկական կողմի մասնագետների առաջարկությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ներկայումս հարյուրից ավելի «Բելազ» ինքնաթափերի շահագործման, դրանց աշխատանքային երկարակեցության ապահովման ուղղությամբ։ Այդ հարցերը մանրամասն քննարկման են դրվելու գործարանի ղեկավարության հրավիրած մասնագետների հատուկ խորհրդակցությունում։

Բելառուսում գտնվելու ընթացքում Քաջարանի քաղաքապետը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը այցելել են Բելառուսում Հայաստանի դեսպանություն եւ հանդիպել դեսպանության անձնակազմի հետ։ Հանդիպման մասնակիցները կարեւորել են Ժոդինո եւ Քաջարան քաղաքների խոշոր ձեռնարկությունների համագործակցության ուղղությամբ նախաձեռնությունները։

 

Տպել էջը