ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸԱՄՆ-Ի ՆԱԽԿԻՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ 106 ԲԱՆԱՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 28 սեպտեմբերի 2007թ.
28 սեպտեմբերի, 2007Վրդովմունքով ծանոթանացա նախկին ԱՄՆ պետքարտուղարների նամակի բովանդակությանը, որով դրդում են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փըլոսիին տապալել Ներկայացուցիչների պալատի 106 բանաձեւը:
Իրոք ցավալի է, որ ութ փորձառու դիվանագետներ տեղիք են տալիս Թուրքիայի մեքենայություններին: Այդ նամակում տեղ գտած շատ հարցերի հետ կարելի է չհամաձայնել, հատկապես` այդպիսի բանաձեւի կարծեցյալ վնասների առումով: Ես կանդրադառնամ միայն այն անազնիվ հայտարարությանը, ըստ որի այդպիսի բանաձեւը «վնաս կհասցնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման հասնելու ջանքերին»:
Ես ափսոսանքով եմ նշում, որ որեւէ գործընթաց, որը կխթաներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը գոյություն չունի: Մտահոգություններ հայտնել գոյություն չունեցող գործընթացը վնասելու առումով պարզապես շինծու կեցվածք է:
Հայաստանը մշտապես պատրաստ է եղել նորմալ հարաբերություններ հաստատել իր հարեւանի հետ: Այնուհանդերձ, նորմալացման հանգեցնող յուրաքանչյուր նախաձեռնություն արժանացել է Թուրքիայի մերժմանը: Փոխարենը, վերջինս շարունակաբար նախապայմաններ է առաջ քաշում: Թուրքիան առաջարկներ է ներկայացնում, որոնք պարզապես անվերջ բանակցությունների հայտ են` առանց հարեւանների միջեւ նվազագույն, սովորական հարաբերությունների հասնելու լուրջ հանձնառությունների: Պատմական հանձնաժողով կազմելու իրենց կոչը` քննարկելու այդ ցավոտ պատմական իրադարձությունները, լուրջ չէ` հաշվի առնելով ազատ խոսքի եւ քննարկման վրա դրված սահմանափակումներն իրենց քրեական հետեւանքներով եւ այն ոչ բարեկամական մթնոլորտը, որ Թուրքիան է ստեղծել` Հայաստանի հետ սահմանները փակ պահելով:
Ես արդեն գրել եմ Խոսնակ Փըլոսիին` արտահայտելով մեր խորը մտահոգությունները եւ ցրելով հետեւանքների մասին այն սին հայտարարությունները, թե որեւէ բանաձեւ, որն անդրադառնում է մարդու իրավունքների ու ցեղասպանության հարցերին, կարող է վնասել որեւէ երկկողմ հարաբերություններին: