ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի Նիկոսիա կատարած այցի վերաբերյալ 25 սեպտեմբերի 2007թ. Հունաստանում

25 սեպտեմբերի, 2007

Հունաստանում եւ համատեղությամբ` Կիպրոսում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանի անունից Նիկոսիայում` Մելքոնյան կրթական հաստատության բակում, ս.թ. սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որին ներկա են եղել ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասը, արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլին, Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս 2-ը, երկրի քաղաքական կուսակցությունների ղեկավարները, Կիպրոսում հավատարմագրված դեսպաններ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիի հետ: Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում` երկու երկրների հարեւանների հետ ունեցած հարաբերություններին, մասնավորապես` հայ-թուրքական եւ կիպրաթուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ կիպրական խնդրի կարգավորման հարցերին: Հանդիպմանը ներկա էր Կիպրոսում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը:

Սեպտեմբերի 21-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կայացել է Կիպրոսի հայկական երեք կուսակցությունների համատեղ կազմակերպած միջոցառումը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 16-րդ տարեդարձին: Երեկոյի ընթացքում բանախոսութամբ հանդես է եկել ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: Փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի պատմության նորագույն շրջանի ձեռքբերումներին` 1918թ. ի վեր: Անդրադառնալով Հայաստանի առաջին հանրապետության ու Խորհրդային Հայաստանի պատմությանն ու նվաճումներին` նա առավել մանրամասնորեն է անդրադարձել Հայաստանի Հանրապետության ներկայիս օրվան:

Պրն. Կիրակոսյանը ներկայացրել է հանրապետության 16 տարիների ընթացքում անցած դժվարին ուղին ու այսօրվա ձեռքբերումները, նաեւ հայ-կիպրական հարաբերությունների զարգացման ընթացքը` քաղաքական ու տնտեսական կողմերով: Ներկայացրել է նաեւ Հայաստանի բարենպաստ ներդրումային դաշտը` բազմաթիվ օրինակներ բերելով աշխարհի տարբեր երկրներից մեր հայրենակիցների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու վերաբերյալ:

Բանախոսությանը հաջորդել է կիպրահայության ուժերով կազմակերպված համերգ:

Տպել էջը