ՀՀ ԱԳՆ խոսնակի Վիլնյուսում ունեցած հանդիպումների վերաբերյալ 24 սեպտեմբերի 2007թ. ՀՀ պետական գերատեսչութ

24 սեպտեմբերի, 2007

ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարների Լիտվա այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վ.Կարապետյանը հանդիպում ունեցավ Լիտվայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Արտուրաս Գայլիունասի եւ Մամուլի կենտրոնի ղեկավար Դայվա Ռիմաշաուսկայտեի հետ:
Հանդիպումներին քննարկվեցին Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, համագործակցության զարգացման հեռանկարները: Նշվեց, որ երկու երկրների ղեկավարների, արտգործնախարարների փոխայցերը, ինչպես նաեւ պետական այլ գերատեսչությունների պարբերական շփումները նպաստում են Հայաստանի եւ Լիտվայի ժողովուրդների փոխճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաեւ տնտեսական, մշակութային ոլորտներում գործակցության ակտիվացմանը:

Ընդգծելով Հայաստանի հետ գործակցությունը ակտիվացնելու պաշտոնական Վիլնյուսի մտադրությունը, պրն.Գայլունասը տեղեկացրեց, որ արդեն ս.թ. նոյեմբերի առաջին տասնօրյակում տեղի կունենա Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտեկունաս ( Petras Vaitiekunas) պաշտոնական այցը Հայաստան: Նա նաեւ խոսեց Լիտվայի կառավարության` ս.թ. հոկտեմբերից Հայաստանում դեսպանություն բացելու որոշման վերաբերյալ:

Ներկայացնելով Սկանդիվյան եւ Բալթյան երկրների համագործակցության պատմությունն ու փորձը, Լիտվայի ԱԳՆ ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց ցանկությունը նպաստելու Բալթյան եւ Հարավային Կովկասի պետությունների միջեւ` 3+3 ձեւաչափով համագործակցության ձեւավորմանը` ԵՄ-ի անդամակցության, քաղաքական եւ տնտեսական համագործակցության փորձի փոխանակման նպատակով: ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը, ՀՀ դիրքորոշումները ՄԱԿ-ի ԳԱ-ում ՎՈՒԱՄ-ի նածաձեռնած բանաձեւի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում:

Տպել էջը