Վաշինգտոնում Հայաստանի անկախության 16-ամյակին նվիրված հայ արվեստի միամսյակի վերաբերյալ 07 սեպտեմբերի 2007թ.
07 սեպտեմբերի, 2007Սեպտեմբերի 5-ին Վաշինգտոնում՝ Համաշխարհային Բանկի գլխավոր մասնաշենքում հանդիսավոր արարողությամբ բացվել է ՀՀ անկախության 16-ամյակին նվիրված հայ արվեստի միամսյակ, որը կազմակերպվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ՀԲ Արվեստի ծրագրի հետ համատեղ:
Հայ արվեստի միամսյակի շրջանակում ՀԲ գլխավոր մասնաշենքի սրահում ցուցադրվում են հայկական ժամանակակից կերպարվեստի նմուշներ՝ 16 հայ ստեղծագործողների ավելի քան 40 քանդակ եւ գեղանկար: Ցուցահանդեսը բաց է լայն հասարակության համար: Բացման օրը ՀԲ համերգասրահում տեղի է ունեցել նաեւ հայ միջնադարյան երաժշտության համերգ:
Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ Համաշխարհային Բանկի Արվեստի ծրագրի տնօրեն Մարինա Գալվանին: Միամսյակի բացման արարողությանն ու համերգին ներկա էին ավելի քան 200 հյուրեր, այդ թվում` ԱՄՆ Պետքարտուղարության եւ Համաշխարհային Բանկի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀԲ անձնակազմի անդամներ, ԱՄՆ-ում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրեր, ինչպես նաեւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: